Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, երկրում 3 մլն 459 հազար 31 ընտրող կա: Էթնիկ փոքրամասնությունները կազմում են ընտրողների 9 տոկոսը (390 հազար 618):
ԿԸՀ-ն առանձին վիճակագրություն չունի ընտրություններում ազգային փոքրամասնությունների ակտիվության մասին, սակայն «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի տվյալներով, ընտրություններին որպես կանոն մասնակցում է էթնիկ փոքրամասնությունների 60 տոկոսը:
Նախագահական ընտրություններից առաջ կազմակերպության նախաձեռնությամբ արդեն սկսվել է թեկնածուների հետ հանդիպմանը շարքը։ Երկրի երկու մեծաթիվ ազգային փոքրամասնությունները ներկայացնող ադրբեջանցիների և հայերի հետ հանդիպել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն և «Լեյբորիստական» կուսակցության թեկնածու Շալվա Նաթելաշվիլին:
Վերջինս Ալիք Մեդիայի հետ զրույցում ասել է, որ ինքն է երկրում տալու էթնիկ փոքրամասնությունների և բոլորի համար երանելի շրջանի մեկնարկը։
«Առաջին հերթին կվերացնեմ օլիգարխիան․ այն քաղաքականությունում տեղ չպիտի ունենա։ Թող լինի իրենց բիզնեսում, ֆաբրիկաներում, իսկ նրանք, ովքեր յուրացրել են մեր միլիոններն ու միլիարդները, ստիպված կլինեն վերադարձնել: Խոստանում եմ՝ որևէ միլիոնատեր կառավարությունում կամ խորհրդարանում չի հայտնվի։ Օրենսդիրում հիմա պաշտոնապես 41 միլիոնատեր կա: Երբ գործարարները կաշխատեն գործարարության, իսկ քաղաքական գործիչները՝ երկրի զարգացման համար, այդ դեպքում կսկսվի կոմունիզմը, կամ երանելի շրջանը՝ էթնիկ փոքրամասնությունների և բոլորի համար», -ասել է նախագահի թեկնածուն:
Նաթելաշվիլին իր նախընտրական ծրագիրը ներկայացնելիս մշտապես շեշտում է․ «Կրոնական, ազգային և սեռական փոքրամասնությունները հավասար են օրենքի առջև և նրանց իրավունքները մեծամասնության պես պաշտպանված են լինելու իմ նախագահության օրոք»:
Հիշեցնենք, Նաթելաշվիլին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր առաջինը՝ ընտրություններից դեռևս 10 ամիս առաջ: Նա առաջին անգամ չէ իր թեկնածությունն առաջադրում, սակայն, դեռևս որևէ անգամ նրան չի հաջողվել հաղթել։
Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 28-ին։ Սա կդառնա համապետական քվեարկությամբ վերջին նախագահական ընտրությունը։