Վրաստանի ընդդիմադիր «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին որոշել է վերադառնալ խորհրդարան, սակայն փետրվարի 15-ին օրենսդիր մարմինը, ամենայն հավանականությամբ, կքվեարկի նրա լիազորությունների դադարեցման օգտին։
Կուսակցությունը Նաթելաշվիլիի խորհրդարան մտնելու որոշումը կայացրել է այսօր կայացած նիստում, որին նախորդել է սոցիալական ցանցերում Նաթելաշվիլիի՝ խորհրդարան մտնելու վերաբերյալ հարցումը։
Ըստ կուսակցության՝ հարցմանը մասնակցել է մոտ 7 000 մարդ, իսկ բացարձակ մեծամասնությունը կողմ է քվեարկել Շալվա Նաթելաշվիլիի՝ խորհրդարան վերադառնալու օգտին։
«Փետրվարի 15-ին խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Շալվա Նաթելաշվիլիի լիազորությունների դադարեցման հարցը։ Այն դեպքում, երբ խորհրդարանը հակասահմանադրական որոշում ընդունի, նրանք դրանով իսկ կսահմանափակեն «Լեյբորիստական կուսակցության» ընտրողներին խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու օրինական իրավունքը»,- հայտարարել են «Լեյբորիստական կուսակցությունից»՝ հավելելով, որ իրենք ցանկացած դեպքում կշարունակեն պայքարը։
Շալվա Նաթելաշվիլին ևս հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմտնի խորհրդարան։
«Ամենայն հավանականությամբ, այդ շաբաթ ինձ կտեսնեք խորհրդարանում, եթե աստերոիդ չընկնի «Վրացական երազանքի» գրասենյակի վրա։ Մարդկանց զայրույթի աստերոիդը մոտենում է»,- ասել է Նաթելաշվիլին։
Խորհրդարանական ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը փետրվարի 7-ին պաշտպանել է «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիին մանդատից զրկելու որոշումը։
Հատկանշական է, որ Նաթելաշվիլիին պաշտոնանակ անելուն կողմ են քվեարկել իշխող «Վրացական երազանքի» անդամները։
Նշենք, որ «Լեյբորիստական կուսակցությունը» 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է 1 պատգամավորական մանդատ, սակայն Շալվա Նաթելաշվիլին հրաժարվել էր խորհրդարան անցնելել։
Այն ժամանակ Նաթելաշվիլին, ինչպես մյուս ընդդիմադիր պատգամավորները, կոչ էր արել կասեցնել իր մանդատը խորհրդարանում, սակայն խորհրդարանական մեծամասնությունը չէր կատարել պահանջը:
Արդեն ընդդիմության հիմնական մասի խորհրդարան մտնելուց հետո Նաթելաշվիլին ասել է, որ մտածում է խորհրդարան մտնելու մասին։ Հունվարի 10-ին «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդը Facebook-ում հարցում էր սկսել իր՝ խորհրդարան մտնելու վերաբերյալ։
Այնուամենայնիվ, հունվարի 29-ին Նաթելաշվիլին գրել է, որ հարցումը, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ պաշտպանել են իր խորհրդարան մտնելու դիրքորոշումը, ջնջվել է «Վրացական երազանք»-ի և Facebook-ի վարչակազմի հատուկ ծառայությունների բողոքներով։
Նշենք նաև, որ 2021 թվականի հունիսի 22-ին խորհրդարանը օրենք է ընդունել, որն արգելում է կուսակցությանը, որը չի օգտագործում իր մանդատների առնվազն կեսը, ստանալ պետական ֆինանսավորում: Օրենքը պետք է ուժի մեջ մտներ 2022 թվականի փետրվարի 1-ից։
Այն դեպքում, երբ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցությունը դադարեցներ խորհրդարանական գործունեությունը, ապա նրա բյուջետային ֆինանսավորումը կկասեցվեր։ Հետևաբար, եթե մեծամասնությունը կասեցներ Նաթելաշվիլիի պատգամավորական մանդատը, կուսակցությունը կկորցներ բյուջեի ամբողջ ֆինանսավորումը։
Այս մասին Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, թե օրենքն ուղղված է կուսակցության դեմ։