«Ռիոնիի կիրճի պաշտպաններն» ու նրանց աջակիցներն այսօր՝ մայիսի 25-ին ևս պլանավորում են փակել քաղաքը, շրջափակել պետական շենքերն ու կարևոր ճանապարհները:
Ակտիվիստներն արդեն մի քանի գիշեր է՝ գիշերում են Թբիլիսիի Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում:
Այսօրվա երթերը կմեկնարկեն ժամը 16:00-ից:
Նախօրեին ակտիվիստները երթով հասել էին արդարադատության տան տարածք, ինչը խորհրդանշական էր, հաշվի առնելով, որ պահանջում են նաև Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականը, իսկ նախարարությունն արդարադատության տան տարածքում է տեղակայված: Ակտիվիստները փակել էին Քուռ գետի աջ ափի ճանապարհը: Այնուհետև տեղափոխվել էին Ռուսթավելիի պողոտա ու բողոքը շարունակել տեղում:
Ակցիայի առաջնորդներից մեկը նշել էր, որ սա իրենց պայքարի 210-րդ օրն է:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում մեծամասշտաբ ակցիայի ընթացքում «Ռիոնիի կիրճի պաշտպանների» գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ իրենց պահանջները ներկայացրին իշխանությանն ու ժամանակ տվեցին մինչև մայիսի 24-ի կեսօր. պահանջները չիրականացնելու դեպքում` խոստացել էին, որ ցույցի մասշտաբները կաճեն ու, հետևաբար, կաթվածահար կանեն ողջ Թբիլիսին, կարգելափակեն բոլոր պետական շենքերի մուտքերը, ոչ ոք տեղաշարժվել չի կարողանա: Ցուցարարները նախօրեին վրաններ էին տեղադրել ու գիշերել հրապարակում:
«Ռիոնիի կիրճի պաշտպանների» պահանջն է, որ «Էնկա» ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, դադարեցվի ընկերության հետ պայմանագիրն ու չեղյալ համարվի 2015-ից առկա ողջ թղթաբանությունը: Նաև, պահանջում են Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Թուրնավայի հրաժարականը, ինչպես նաև նախագծում ուղղակիորեն մասնակցող բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելը:
Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերից Արևմտյան Վրաստանով հոսող Ռիոնի գետի վրա՝ Նամախվանիում սկսվեցին ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, որին դեմ են բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները: Նամախվանիի ՀԷԿ-ը, ըստ Վրաստանի կառավարության, պետք է լինի անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծը։ Նախագծի ներդրումային արժեքը կազմում է 800 մլն դոլար և այն պետք է իրականացնի Թուրքական «Enka Riniebels Ltd» ընկերությունը: