Նամախվան ՀԷԿ-ի տարածքում սողանք է առաջացել

Վրաստանի Իմերեթիի մարզի Քութայիսի-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի մայրուղու վրա սողանք է առաջացել:

«Ռիոնի հովտի պահապանների» անդամներից Վառլամ Գոլեթիանիի խոսքով, սողանքը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ «Էնկա» ընկերությունը՝ Նամախվան ՀԷԿ-ի կառուցման ժամանակ թունել է բացել: Նրա հայտարարության համաձայն, այն ժամանակ այդ վայրում հատվել է լեռան լանջը, և հենց այդ լանջն էլ շարժվել է և առաջացրել սողանք:

Նրա խոսքով, Նամախվան ՀԷԿ-ի կառուցումից հետո շրջակա տարածքում նաև փոքր սողանքներ են տեղի ունեցել, բայց այս վերջինն այնքան մեծ էր, որ քանդել է հովիտը կապող կենտրոնական ճանապարհը։

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկացրել  է, որ նշված լանջի փլուզումը կապված չէ Նամախվան ՀԷԿ-ի կառուցման հետ, և այդ տարածքում թունել չկա, սակայն տվյալ տարածքում առատ տեղումների հետևանքով փլուզվել են հողային զանգվածները։

Ճանապարհների դեպարտամենտի տեղեկություններով՝ նշված հատվածում արդեն մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկա, և սկսվել են մաքրման աշխատանքները։

Ի դեպ, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Ռիոնի հովտում Նամախվան ՀԷԿ-ը կառուցող «Էնկա» ընկերությունը տեղեկացրել է Վրաստանի կառավարությանը պայմանագիրը խզելու իր որոշման մասին։ Դրան նախորդել էին ՀԷԿ-ի կառուցման դեմ բազմամսյա բողոքի ակցիաները։

Նամախվան ՀԷԿ-ի նախագիծը ներառում էր Ռիոնի գետի վրա 333 և 100 ՄՎտ հզորությամբ երկու էլեկտրակայանների կառուցում։ Ծրագրի արժեքը կազմել է մոտ 830 մլն դոլար։