NAEC-ն անթույլատրելի է համարում քննական թեմաների քաղաքականացումը

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հայտարարություն է տարածել՝ կապված միասնական ազգային քննությունների վրաց լեզու և գրականություն առարկայի թեստում առաջադրանքներից մեկի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության, ըստ որի՝ առաջադրանքներից մեկը քաղաքականացված էր։

Հուլիսի 4-ին քննությունից հետո դիմորդներից մեկը «Մթավարի» հեռուստաընկերությանն ասել է. «Նիկո Լորթքիփանիձեի «Հպարտ» պատմվածքն էր։ Խոսքը անձնազոհության մասին էր, թե ինչպես է մարդը պայքարելու ունակություն դրսևորում նույնիսկ այնպիսի դժվարին պահերի, երբ նրա այդ քայլը դատապարտված է ձախողման»։

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից պարզաբանում են, որ առաջադրանքի վերաբերյալ հնչել են խեղաթյուրված մեկնաբանություններ, որոնք շփոթության մեջ են գցել հանրությանը: NAEC-ն անթույլատրելի է համարում քննական թեմաների քաղաքականացումը։

«Առաջադրանքում ընդգրկվել է Նիկո Լորթքիփանիձեի «Հպարտ» ստեղծագործությունը, որն առնչվում է ազատության համար պայքարի թեմային։ Այս տեքստին հաջորդեց 10 հարց: Դրան հետևեց տեքստը վերլուծելու հրահանգ` հետևյալ բովանդակությամբ` կռվելու իմաստ կա՞, եթե դատապարտված ես պարտության։

Առաջին անգամը չէ, որ փորձում են քննությունները կապել քաղաքական գործընթացների հետ, ինչը մեզ համար կտրականապես անընդունելի է։

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը խնդրում է ձեռնպահ մնալ քննության հարցաշարի քննարկումից` մինչև դրա հրապարակումը։ Շահագրգիռ հանրությունը մինչ այդ կարող է ծանոթանալ Նիկո Լորթքիփանիձեի ստեղծագործությանը»,- ասված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ միասնական ազգային քննություներն սկսվեցին երեկ՝ հուլիսի 4-ին, վրաց լեզու և գրականություն առարկայով։