
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Իվանիշվիլիի հետ համաձայնողը կամ հիմար է կամ ծախված: Խոսքը վերաբերում է քիչ առաջ Բիձինա Իվանիշվիլիի կողմից արված հայտարարությանը, որի համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Սաակաշվիլիի խոսքով՝ սրան ի պատասխան ժողովուրդը պետք է շարունակի ակցիաները Վրաստանի ողջ տարածքով:
Նախկին նախագահի խոսքով զրոյական անցումային շեմով 2020 թվականին ընտրություններ անցկացնելը Իվանիշվիլիին հնարավորություն կտա փոքր-փոքր կուսակցություններ գնել:
«Իվանիշվիլին այժմ խուճապի մեջ է: Նա պետք է պաշտոնից հեռացնի Գախարիային, ազատի բոլոր ձերբակալվածներին և նշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- տեսաուղերձով հայտարարել է Սաակաշվիլին:
Նշենք նաև, որ ընդդիմությունն արդեն հայտնել է իր գոհունակությունը իշխող կուսակցության որոշումից, բայց դեռևս շարունակում է պահանջել երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը: