
Չնայած բազմաթիվ դիմումներին, Մզիա Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, հայտնել է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA), որը այլ փաստաբանների հետ միասին պաշտպանում է լրագրող Մզիա Ամաղլոբելիի իրավունքները:
«Քննչական մարմինը անպատասխան է թողել տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ GYLA-ի փաստաբանի բոլոր դիմումները, որից հետո դատախազության անգործությունը բողոքարկվել է դատարանում։ Դատարանը չի բավարարել բողոքը և մերժել է Մզիա Ամագլոբելիին տուժողի կարգավիճակ տալ», — նշված է GYLA-ի հաղորդագրության մեջ:
Ըստ GYLA-ի՝ Հատուկ քննչական ծառայությունում գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քննությունն իրականացվում է անարդյունավետ, և չի պահպանվել Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության չափանիշը։
Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը մինչ օրս իրավապահներին հարցաքննել է միայն որպես վկաներ, որոնք մասնագիտական առնչություն ունեն կամ ենթակա են Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին, ինչի պատճառով նրանք սուբյեկտիվ են, և նրանց տրամադրած տեղեկության մեջ շահագրգռություն կա հետաքննության արդյունքի առումով։
Ամաղլոբելին հունվարի 11-ին, նախ, վարչական կալանքի է ենթարկվել, ապա` ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում:
Ազատազրկված լրագրողը ձերբակալությունից հետո 38 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։