Այսօր արդեն 16-րդ օրն է, ինչ «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելին բանտում հացադուլ է հայտարարել։
Մզիա Ամաղլոբելին հացադուլն սկսել է հունվարի 12-ին՝ դեռևս քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ։
Ըստ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) ղեկավար Նոնա Քուրդովանիձեի, «լիակատար սովը նշանակում է, որ նա ստանում է միայն ջուր և չի ստանում սնունդ կամ հավելումներ»:
Երբ բանտում գտնվող կալանավորը հացադուլ է սկսում, գործում է համապատասխան կարգ, ըստ որի՝ պետությունը պարտավոր է մշտապես վերահսկել հացադուլավորի վիճակը։
«Եթե դադարեցնեմ հացադուլը, ինձ կհամարեմ այս անարդարության մեղսակից», — ասել է Մզիա Ամաղլոբելին Քուրդովանիձեին։
GYLA-ն Արդարադատության նախարարությանը կոչ է արել անհապաղ հանդես գալ հայտարարությամբ և պարբերաբար տեղեկություններ տրամադրել հանրությանը Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի մասին։
Կազմակերպությունը դիմել է նաև Հատուկ քննչական ծառայությանը՝ հանրությանը տեղեկացնելու պահանջով, թե Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի գործն ինչ փուլում է, և ինչու չեն կասեցվել Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեի լիազորությունները։
Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
Ամաղլոբելին առաջին անգամ ձերբակալվել էր վարչական կարգով հունվարի 11-ին Բաթումիում եվրոպամետ բողոքի ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար: Պաստառի վրա գրված էր «Վրաստանը գործադուլ է անում» և ներկայացնում էր Ամաղլոբելիի բողոքն ընդդեմ այդ գիշեր նմանատիպ գործողությունների համար ինը քաղաքացիների ռեպրեսիվ կալանավորման: