Մզիա Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում. GYLA

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) հայտարարել է, որ «Բաթումելեբի« և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի կյանքը վտանգի տակ է, և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Ամաղլոբելին արդեն 16-րդ օրն է՝ հացադուլ է անում:

Կազմակերպության հունվարի 27-ին հրապարակված հայտարարության մեջ նշված է՝ Ամաղլոբելին անցած շաբաթ GYLA-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեի հետ զրույցում ասել էր, որ իր հացադուլը բողոք է անարդարության դեմ, և որ այդ քայլով մեղմացում չի պահանջում:

GYLA-ն, որպես Ամաղլոբելիի իրավունքները պաշտպանող կազմակերպություն, արդարադատության նախարարությանը կոչ է անում «անհապաղ հանդես գալ հայտարարությամբ և պարբերաբար հանրությանը տեղեկատվություն տրամադրել Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի մասին»։

«Բանտի վարչակազմը պարտավոր է հատուկ արձանագրության համաձայն ապահովել նրա առողջական վիճակի համակողմանի և արդյունավետ հսկողությունը», — նշել են կազմակերպությունից։

Ամաղլոբելիի հացադուլի 16-րդ օրը քրեակատարողական ծառայությունը չի հայտնում, թե ինչպես է Ռուսթավիի 5-րդ քրեակատարողական հիմնարկում պահվող մեդիա մենեջերը։ Քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել՝ չնայած հանրային մեծ հետաքրքրությանը։

Ամաղլոբելին հացադուլը սկսել է 2025 թվականի հունվարի 12-ին, երբ դեռ գտնվում էր Բաթումիի քննչական մեկուսարանում։ Ազատազրկման դատապարտվելուց հետո նա պահվում է Ռուսթավիի 5-րդ քրեակատարողական հիմնարկում։