
Բաթումիի քաղաքային դատարանում ավարտվել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր, քաղբանտարկյալ համարվող Մզիա Ամաղլոբելիի գործի լսումը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 13:00-ին։
Այսօրվա նիստում հարցաքննվել են գործի քննիչ Միխեիլ Դարչիան և Բաթումիի ոստիկանության 6-րդ վարչության պետ Արչիլ Անթաձեն։
Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով` ոստիկանի վրա հարձակում։
Ամաղլոբելին հունվարի 11-ին, նախ, վարչական կալանքի է ենթարկվել, ապա` ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում:
Ազատազրկված լրագրողը ձերբակալությունից հետո 38 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։