Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Մառնեուլիի շրջանի մուտքի մոտ տեղակայված հսկիչ անցակետ ու հայտարարել, որ սպասվում է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ: Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում արդեն մեկ շաբաթ է՝ գործում է խիստ կարանտինային ռեժիմ:
Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին, ոստիկաններին և զինվորներին, որոնք տեղում վերահսկում են իրավիճակը, հսկայական որակելով նրանց ներդրումը կորոնավիրուսի դեմ պայքարում: Զուրաբիշվիլին իր խոսքում նշել է, որ սկսվում է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ, որի ընթացքում բոլորը պետք է միավորվեն հանուն յուրաքանչյուրի առողջության:
Նախագահն ընդգծել է, որ «նոր փուլը հնարավոր է ավելի բարդ լինի».
«Բոլորը պետք է պատրաստ լինեն դրան: Հիմա անհրաժեշտ է, ավելի զգույշ լինել միմյանց նկատմամբ: Նույնիսկ մեկ հոգու կողմից օրենքի խախտումը կարող է հասցնել շատ ծանր հետևանքների»:
Նախագահն ավելացրել է, որ պետությունն անում է ամեն բան, որպեսզի կասեցնի հիվանդության տարածումը բոլոր շրջաններում և բոլոր շրջանների բնակիչները պաշտպանված են հավասարապես:
Մեկ շաբաթ առաջ կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով որոշում է կայացվել խիստ կարանտինային ռեժիմ սահմանել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում:
Մի շարք արգելքների թվում են առանց հատուկ անհրաժեշտության տանից դուրս գալը, ինչպես նաև Մառնեուլիի բնակիչ չհամարվող անձանց մուտքը շրջաններ: Շրջանների մուտքերի մոտ տեղադրվել են հսկիչ անցակետեր, ինչպես նաև կառուցվել են դաշտային հոսպիտալներ: Բնակիչներին թույլ է տրվում այցելել միայն մթերքի ու հացի խանութներ, դեղատներ և բանկեր: Տեղի բնակչության մեծ մասը, ում եկամտի աղբյուր է հանդիսանում առօրյա աշխատանքը, փակվելով տանը, զրկվել է աշխատանքից: Տեղի իշխանությունները խոստացել են օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր մթերք ու դեղորայք գնելու հնարավորություն չունեն: Օգնության տարբեր ակցիաներ են անում նաև տեղի ակտիվիստները, ինչպես նաև «Մնա տանը» խորագրով քարոզարշավ են անցկացնում: Տեղում պետությունը վրացերեն, ադրբեջաներեն ու հայերեն լեզուներով տեղեկատվական թերթիկներ է բաժանում, մամուլը հրապարակում է վերոնշյալ երեք լեզուներով տեղեկատվական հոդվածներ:
Հիշեցնենք, որ շրջաններում կարանտինային ռեժիմ սահմանելու պատճառը 62 տարեկան կինն էր, որի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Վերջինս մասնակցել էր սգո արարողության, շփվել տասնյակ մարդկանց հետ: Հետագայում նրա կոնտակտների թիվը հասել էր 1700-ի:
Լուսանկարը՝ Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան էջից