Վրաստանյան ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) ապատեղեկատվություն է որակում իշխնամետ «Ռուսթավի 2» ՀԸ-ի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ 2019-2024 թվականներին «անհայտ ծագման ապօրինի կանխիկ գումար» է մուտք գործել հեռուստաալիք:
«Ռուսթավի 2»-ը վկայակոչում է «Մթավարի արխի» համատնօրեն Զազա Օքուաշվիլիի ներկայացուցիչ Գիորգիի Քուրդաձեին. վերջինս նամակ է գրել Ազգային բանկին, որտեղ խոսվում է 8 մլն 475 հազար դոլարի մասին։
«Ցավոք, հեռուստաալիքի հիմնադիրներից մեկի՝ Զազա Օքուաշվիլիի կողմից նշանակված տնօրեն Գոգի Քուրդաձեի շինծու մեղադրանքները ծառայում են միակ նպատակին՝ արհեստականորեն խնդիրներ ստեղծել երկրի ամենաազդեցիկ քննադատական ալիքի համար և արդյունքում՝ ընտրություններից մի քանի օր առաջ ադարեցնել ՀԸ-ի հեռարձակումը, ինչն ընդամենը սպասարկում է «Վրացական երազանք»-ի ռուսական ռեժիմի շահերը»,- ասված է «Մթավարի արխի»-ի հայտարարության մեջ:
«Ռուսթավի 2»-ի տեղեկություններում որպես «Մթավարի արխի»-ի դրամական փոխանցումների օղակ նշվում է «Նյու Սեյլս» գործընկեր ընկերությունը։ Այս ընկերությունը մամուլում տարածված տեղեկատվությունը կեղծ մեղադրանք է անվանում։ «Նյու Սեյլս»-ի հայտարարությունից պարզ է դառնում, որ նրանք շփում են ունեցել Գիորգի Քուրդաձեի հետ։
Նշենք, որ «Մթավարի արխի»-ի համատնօրենի մեղադրանքների մասին տեղեկությունը հաղորդվել է նաև իշխանամետ «Իմեդի» ՀԸ-ն:
Գիորգի Քուրդաձեն «Մթավարի արխի»-ի համատնօրենն է 2024 թվականի մարտի 1-ից, երբ այդ պաշտոնը լքեց հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիան։ Գիորգի Քուրդաձեն հեռուստաալիքի բաժնետերերից մեկի՝ գործարար Զազա Օքուաշվիլիի ներկայացուցիչն է։