«Մթավարի արխի»-ն կշարունակի ղեկավարել Գիորգի Գաբունիան

Վրաստանյան «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) գլխավոր տնօրենը կշարունակի մնալ Գիորգի Գաբունիան։ Հանրային ռեեստրը չի բավարարել հեռուստաալիքի բաժնետեր, գործարար Զազա Օքուաշվիլիի ներկայացուցիչ Գիորգի (Գոգի) Քուրդաձեի պահանջը. վերջինս պահանջում էր աշխատանքից ազատել Գաբունիային:

Օքուաշվիլիի ներկայացուցիչ Քուրդաձեն չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք նրանից պահանջել է պետական ​​գործակալությունը։

ՀԸ-ի համատնօրեն Գիորգի Քուրդաձեն դեկտեմբերի 24-ին դիմել էր հանրային ռեեստրին և նամակին կցել Գաբունիայի հետ նամակագրության լուսանկարը, որում գլխավոր տնօրենը նշել է, որ «ստիպված է ընդունել իր պաշտոնից հրաժարվելու որոշումը»։

Ռեեստրը դեկտեմբերի 25-ին կասեցրել էր Քուրդաձեի հարցումը և պահանջել.

  • փաստաթուղթ ներկայացնել, որը հաստատում է՝ Գաբունիան իր կամքով է լքում գլխավոր տնօրենի պաշտոնը,
  • կամ ներկայացնել ՀԸ-ի սեփականատերերի որոշումը՝ նրան աշխատանքից ազատելու մասին։

Միայն Օքուաշվիլիի ձայնը բավարար չէ Գաբունիային հեռացնելու համար, նրան անհրաժեշտ է նաև հեռուստաալիքի մյուս բաժնետերերի համաձայնությունը։

Քուրդաձեին փաստաթղթերը ներկայացնելու համար տրվել էր մեկամսյա ժամկետ, որի վերջնաժամկետը լրացել է մի քանի օր առաջ։ Ըստ այդմ՝ հունվարի 29-ին ռեեստրը որոշում է կայացրել Գաբունիային ՀԸ-ի տնօրենի պաշտոնից ազատելու պահանջով վարույթը կարճելու մասին։ Քուրդաձեն 30 օր ունի Հանրային ռեեստրի որոշումը բողոքարկելու համար։

«Մթավարի արխի»-ում ստեղծված խնդիրների մասին հայտնի դարձավ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ Գաբունիան ճեպազրույց անցկացրեց։ Նա ասել էր, որ ՀԸ-ի բաժնետերերից գործարար Զազա Օքուաշվիլին, որոշել է փակել ալիքը և փաստացի ներգրավվել է «Վրացական երազանք»-ի սկսած զանգվածային բռնություններին։

Գործարար Օքուաշվիլին Գաբունիային մեղադրել է զրպարտության համար և պնդել, որ ինքը ՀԸ-ը փակելու որոշում չի կայացրել:

«Մթավարի արխի»-ն հեռարձակվում է 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։ Այն հիմնադրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ Հեռուստաալիքի հիմնադրումից մի քանի շաբաթ առաջ ավարտվեցին մի քանի տարվա դատական ​​գործընթացները, և «Ռուսթավի 2»-ը վերջնականապես հանձնվեց Քիբար Խալվաշիին։

«Մթավարի արխի» ՀԸ-ն փակվելու վտանգի տակ է