Վրաստանի «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերության (ՀԸ) գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիայի խոսքով՝ ՀԸ-ի հիմնադիրներից Զազա Օքուաշվիլին որոշել է փակել հեռուստաալիքը։ Այս մասին Գաբունիան հայտարարել է ՀԸ-ում կայացած հատուկ ճեպազրույցում, որին մասնակցել են հեռուստաալիքի լրագրողներն ու հաղորդավարները։
Գաբունիան ասել է՝ «Մթավարի արխի»-ի հիմնադիրներից մեկը որոշել է ներքաշվել «Վրացական երազանք»-ի նախաձեռնած զանգվածային բռնությունների մեջ և օգտագործել իր ձեռքի տակ եղած միջոցները՝ անձամբ բռնության ենթարկելով ՀԸ-ի լրագրողներին ու անհնարին դարձնելով նրանց աշխատանքը:
«Զազա Օքուաշվիլին որոշել է անել այն, ինչ այսօր իսկապես պետք է Բիձինա Իվանիշվիլին. Զազա Օքուաշվիլին որոշել է փակել «Մթավարի արխի»-ն։ Սա շատ ցավալի է, և Օքուաշվիլին դա անում է իր նշանակած տնօրենի և իր առաջադրանքների հնազանդ կատարողի՝ Գոգի Քուրդաձեի ձեռքով», — ասել է Գաբունիան։
Ըստ Գաբունիայի՝ Օքուաշվիլիի որոշման և հեռուստաալիքի տնօրեն Գոգի Քուրդաձեի գործողությունների պատճառով ընկերությունն արդեն մնացել է առանց ֆինանսական աղբյուրների, իսկ կնքված պայմանագրերը կամաց-կամաց խզվում են, «ինչը հենց այն է, ինչ պետք է Բիձինա Իվանիշվիլիին»:
Գաբունիայի խոսքով, Օքուաշվիլին լուրջ դատական վեճ ունի Իվանիշվիլիի հետ, «ինչը ոչ միայն չի բացառում նրանց համագործակցությունը, այլ ընդհակառակը, այս վեճում համաձայնության գալու համար խիստ անհրաժեշտ է շահարկել «Մթավարի արխի»-ն»:
Գաբունիան նշել է, որ ալիքը «կպայքարի» ու կմնա եթերում «այնքան, որքան կարող են»։ Նրա խոսքով, Քուրդաձեն նշանակվել է հատուկ Օքուաշվիլիի առաջարկով և միակ նպատակով՝ «հիմնադիրին իր անձնական նպատակներին հասնելու լծակներ ունենա»։
«Միակ բանը, որ անում է Գոգի Քուրդաձեն, դա այն է, որ արգելափակում է բոլոր ֆինանսական գործառնությունները և հրաժարվում է ընկերության համար կենսական պայմանագրեր կնքելուց։ Օրինակ, նրա «շնորհիվ» մեր աշխատակիցների համար դադարեցվել է առողջության ապահովագրությունը, ինչը հատկապես կարևոր է այսօրվա իրավիճակում, երբ լրագրողները և օպերատորները սիստեմատիկ բռնությունների են ենթարկվում», — ասել է Գաբունիան։
Նշենք, որ ՀԸ-ի հիմնադիրներից Նիկա Գվարամիան 2024 թվականի փետրվարին հրաժարվել է «Մթավարի արխի»-ում իր բաժնետոմսերից և գլխավոր տնօրենի պաշտոնից, որից հետո Գիորգի Գաբունիան պաշտոնապես դարձել է գլխավոր տնօրեն։
Բացի գլխավոր տնօրենից, ալիքում նշանակվել են ևս երկու տնօրեններ՝ նրանց առաջադրել են ամենամեծ բաժնետոմսերի սեփականատերերը։ ՀԸ-ի բաժնետերերի որոշմամբ՝ պաշտոնը ստանձնել են Գոգի Քուրդաձեն և Մանուչար Ախալաիան։ Ախալաիային այս պաշտոնում առաջադրել է Բակուր Ջախաիան, Գոգի Քուրդաձեին՝ գործարար Զազա Օքուաշվիլիին:
«Մթավարի արխի»-ն հեռարձակվում է 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։ Այն հիմնադրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ Հեռուստաալիքի հիմնադրումից մի քանի շաբաթ առաջ ավարտվեցին մի քանի տարվա դատական գործընթացները, և «Ռուսթավի 2»-ը վերջնականապես հանձնվեց Քիբար Խալվաշիին։