Մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը։
Միլերն ասել է՝ դա չի բացառում, որ վրացական օդանավակայանների ընկերությունները հայտնվեն պատժամիջոցների վտանգի տակ: Նրա խոսքով, այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ժամանակը չէ։
«Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ Մենք մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնմամբ։ Սա կարող է նշանակել, որ վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են հայտնվել պատժամիջոցների վտանգի տակ։ Մենք՝ ողջ արևմտյան հասարակությունը, հեռացել ենք այս ռեժիմից…»,- ասել է Միլերը:
Մայիսի 19-ին տեղի ունեցավ Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը, որին հաջորդեցին բողոքի ակցիաներ` ինչպես Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, այնպես էլ խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով արգելել թռիչքները։
Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականից Վրաստանի հետ արգելված ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին։
Նշենք նաև, որ 2008 թվականից՝ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո, Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։