Հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Սա վերջին անգամ է, երբ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու ուղիղ կարգով նախագահ ընտրել: Այսուհետ նախագահին ընտրելու է խորհրդարանը:
Ընտրություններին ընդառաջ, «Ալիք մեդիան» ներկայացնելու է այն 5 թեկնածուներին և նրանց ծրագրերը, որոնք, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ամենաբարձր վարկանիշն ունեն: Մնացածի վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների՝ ցածր է 2 տոկոսից: Այսպիսով՝ ներկայացնում ենք հետևյալ թեկնածուներին. Զուրաբ Ջափարիձե, Գրիգոլ Վաշաձե, Դավիթ Բաքրաձե, Սալոմե Զուրաբիշվիլի, Շալվա Նաթելաշվիլի և Դավիթ Ուսուփաշվիլի։
Շալվա Նաթելաշվիլին թերևս ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է Վրաստանում: Նա մասնակցել է անկախ Վրաստանում տեղի ունեցող բոլոր ընտրություններին, չնայած, քաղաքական հաջողության պիկը նախահեղափոխական շրջանն է եղել, երբ 2002 թվականին Լեյբորիստական կուսակցությունը, որի առաջնորդներից է Նաթելաշվիլին, հաղթեց Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընտրություններում, սակայն, քաղաքական պայմանավորվածության գալով այն ժամանակ ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլիի հետ, վերջինիս ընտրեցին սակրեբուլոյի՝ քաղաքային խորհրդի ղեկավար:
Շալվա Նաթելաշվիլին ծնվել է 1958 թվականին, Փասանաուրիում: 1981 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է Խորհրդային Միության դիվանագիտական ակադեմիայում: Մինչև 1992 թվականն աշխատել է Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի դատախազությունում: 1992 և 1995 թվականներին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: 1995 թվականին հիմնել է Լեյբորիստական կուսակցությունը: 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, նվազագույն շեմը չհաղթահարելուց հետո նա հայտարարել էր, թե «Էդուարդ Շևարդնաձեն ու իր պրոտեժեները՝ Միխեիլ Սաակաշվիլին և Զուրաբ Ժվանիան, կեղծել են ընտրությունները և թույլ չեն տվել խորհրդարան անցնել»:
Սակայն Նաթելաշվիլիի կուսակցությունը բավականին լուրջ ցուցանիշ է գրանցել 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում, բայց դրանք չեղյալ են հայտարարվում, իսկ արդեն 2004 թվականին նշանակված ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը չի հատում խորհրդարան մտնելու համար նախատեսված նվազագույն շեմը:
2007 թվականին Լեյբորիստական կուսակցությունը մասնակցում է նախագահ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ցույցերին: Ցույցերը ցրվում են, սակայն Սաակաշվիլին հրաժարական է տալիս: Այդ ժամանակ Նաթելաշվիլիի հետ ցույցի էր դուրս գալիս նաև Սալոմե Զուրաբիշվիլին և մի շարք այլ քաղաքական գործիչներ: Նոյեմբերի 7-ի իրադարձություններից հետո, երբ խաղաղ ցուցարարները ծեծի են ենթարկվում ոստիկանների կողմից ու ցույցը ցրվում է, Նաթելաշվիլիին լրտեսության և հեղաշրջում իրականացնելու մեղադրանք է առաջադրում դատախազությունը: Սակայն Սաակաշվիլին հայտարարում է, որ Նաթելաշվիլին կարողանալու է մասնակցել նախագահական ընտրություններին: Ավելի ուշ դատախազությունը հայտարարություն է տարածում, որ Նաթելաշվիլին մեղադրյալ չէ, այլ վկա: Նախագահական ընտրություններում Նաթելաշվիլին պարտվեց: Պարտվեց նաև Լեյբորիստական կուսակցությունը՝ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում: Սակայն Նաթելաշվիլին պատգամավոր ընտրվեց: Նաթելաշվիլին նաև չընդունեց 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Նա տարիներ շարունակ պահանջում է ազգայնացնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները:
Հատկանշական է նաև այն, որ 2008 թվականի ընտրություններից օրեր առաջ Նաթելաշվիլին առաջարկում էր վարչապետի պաշտոնում նշանակել այն ժամանակ ոչ այնքան հայտնի Բիձինա Իվանիշվիլիին, ով դեռևս չէր էլ զբաղվում ակտիվ քաղաքականությամբ: Սակայն Իվանիշվիլիի հիմնած «Վրացական երազանք»-ի՝ իշխանության գալուց հետո, Նաթելաշվիլին նորից համալրեց ընդդիմության շարքերը և շարունակեց քննադատել գործող իշխանություններին:
Այս ընտրություններում Նաթելաշվիլին մի շարք խոստումներ է տալիս: Իր նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ նա սկսեց սպորտից և խոստացավ, որ 4 տարի հետո Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի չեմպիոն կդառնա: Նա նաև խոստանում է ուշադրություն դարձնել գիտությանը:
«Մենք պետք է վերադարձնենք երկիրը: Գրողներին իրենց տունը պիտի վերադարձնենք, գիտնականներին՝ իրենց ինստիտուտները, երիտասարդներին՝ իրենց ԲՈՒՀ-երը, դպրոցներն ու մագիստրատուրաները»,- ասում է Նաթելաշվիլին:
Վերջինս նաև պնդում է, որ տեղի գյուղատնտեսական ապրանքները արտոնություններ կունենան շուկայում և պաշտպանված կլինեն իրանական, թուրքական ու պակիստանյան ապրանքներից: Նա նաև խոստանում է, որ Վրաստանի զինված ուժերը կտեղակայվեն հակամարտության գոտում: Նաթելաշվիլին պնդում է՝ Լեյբորիստական կուսակցությունը միակ ուժն է, որը կարող է պարտության մատնել երկրում հաստատված բանկային օլիգարխիային: Խոստանում է նաև կազինոները դուրս տանել քաղաքներից:
Ավելի վաղ «Ալիք մեդիան» խոսել է Շալվա Նաթելաշվիլիի հետ: Նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Ցանկանում ենք հաղթել նախագահական ընտրություններում, որպեսզի հաջորդ իսկ օրվանից սկսենք հեռացնել Իվանիշվիլիի ռեժիմը և խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակենք»,- ասում է Նաթելաշվիլին:
Նաթելաշվիլիի ընտրահամարն է՝ 10: