Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին, որ զբաղեցնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորական ցուցակի 6-րդ տեղը, հայտարարել է հրաժարականի մասին:
Նրա հայտարարությունը հրապարակել է «Պուբլիկա» լրատվամիջոցը։ Նույն լրատվականի փոխանցմամբ՝ Ծուլուկիանին իր պաշտոնը լքելու մասին խոսել է ռեժիսոր Գիզո Ժորդանիայի հոբելյանական երեկոյում ունեցած ելույթում, որտեղ ասել է, որ սեպտեմբերի 26-ին իր վերջին աշխատանքային օրն է։
Ի դեպ, Վրաստանի «Ընտրական օրենսգրք»-ի 112-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ նախարարները պետք է հրաժարական տան և ազատվեն ոչ ուշ, քան Վրաստանի խորհրդարանի անդամության թեկնածու գրանցման համար համապատասխան ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելուց հետո 2-րդ օրը։
Ծուլուկիանին մշակույթի նախարարն է 2021 թվականի մարտից։ Նա 2012 և 2020 թվականներին եղել է իշխող թիմի պատգամավորական ցուցակում և երկու անգամ էլ տեղափոխվել է նախարարների կաբինետ։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։