Եվրոպական միության աջակցությամբ Կովկասյան բնապահպանական ՀԿ ցանցը (CENN), համագործակցելով Խորհրդատվության և ուսուցման կենտրոնի (CTC) հետ, հայտարարում է մրցույթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման ծրագրի (CDP) համար՝ որպես Քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի մի մաս: Այս մասին տեղեկանում ենք CENN-ի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հզորացման ծրագրի նպատակն է ուժեղացնել տեղական կազմակերպությունների կարողությունները Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջաններում հետևյալ ոլորտներում.
- կազմակերպչական զարգացում,
- ֆինանսական կայունություն,
- լոբբինգ և շահերի պաշտպանություն,
- խոցելի խմբերի իրավունքների պաշտպանություն,
- տեղական իշխանությունների հետ մասնակցային գործընթացներում ներգրավվածություն:
Ըստ տեղեկության՝ ծրագիր շրջանակներում հիմնականում կկենտրոնանան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար սոցիալական ծառայությունների տրամադրման և զարգացման վրա:
Կարողությունների զարգացման ծրագիրը (CDP) ներառում է հետևյալ բաղադրիչները.
- ծրագրին մասնակցող կազմակերպությունների հնարավորությունների և կարիքների վերլուծություն,
- դասընթացներ, քոուչինգ և անհատական մենթորական դասընթացներ,
- թեմատիկ խորհրդատվություններ տեղական և միջազգային փորձագետների հետ,
- ուսումնական այցեր Չեխիա՝ եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու նպատակով,
- երիտասարդ մասնագետների ծրագիր (YPP),
- դրամաշնորհային մրցույթ։
Նշվում է, որ դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 17-ն է։