Մոսկվայում վստահ են՝ Թբիլիսիի հետ դիվհարաբերությունները ևս կվերականգնվեն

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը հույս է հայտնել, որ Մոսկվա-Թբիլիսի հաղորդակցությամբ կվերականգնվեն նաև երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները։

Նրա գնահատմամբ՝ դա երկու երկրների քաղաքացիներին հնարավորություն կտա լիարժեք հյուպատոսական ծառայություններ ստանալ։

«Մենք կարծում ենք, որ թռիչքների վերսկսումից հետո հաջորդ քայլը կլինի Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը, դեսպանների փոխանակումը»,- ասել է Գավրիլովը։

Ըստ Գավրիլովի՝ նման քայլի հավանականության մասին է վկայում Ուկրաինայի հարցում Վրաստանի զուսպ դիրքորոշումը և ժողովրդավարական սկզբունքների պահպանումը.

«Մեր ժողովուրդների միջև սերտ կապ կա, մենք ունենք ընդհանուր հոգևոր ու բարոյական արժեքներ, մշակույթ»:

Ի դեպ, հենց Գավրիլովի հետ կապված իրադարձություններից հետո էր Ռուսաստանը 2019-ին արգելել ուղիղ չվերթերը դեպի Վրաստան։ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռը՝ Թբիլիսիում առաջացնելով հազարավոր քաղաքացիների զայրույթը։

Նշենք նաև՝ Վրաստանը դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ խզել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։

2012 թվականի փետրվարին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որոշմամբ՝ Վրաստանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին անսպասելիորեն չեղարկեց երկու երկրների միջև ավիահորդակցության արգելքը և վիզային ռեժիմը։