Հունիսի 19-ին Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատում (ТПП) տեղի է ունեցել Ռուսաստան-Վրաստան խորհրդի նիստ, գրում է RadioTavisupleba-ն` հենվելով ТПП-ի պաշտոնական կայքին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը նվիրված է եղել երկու երկրների միջև լոգիստիկայի, ապահովագրության և բեռնափոխադրումների հարցերին։
ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն ներկաներին տեղեկացրել է վերականգնված և բարեկարգված վրաց-ռուսական «Վերին Լարսի» սահմանային անցակետի բացման մասին, որը, նրա խոսքով՝ հեշտացնում է Վրաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը։
Տեղեկության համաձայն, քննարկվել է Վրաստանից բեռնատարներին և վարորդներին Ռուսաստան բեռնափոխադրումներ թույլ տալու հարցը։ Հանդիպման մասնակիցները ներկայացրել են նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկայի և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային համագործակցության առաջարկներ, այդ թվում՝ նոր տրանսպորտային միջանցքների բացման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ մայիսին Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը խոսել էր Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի երկաթուղային տարանցման անհրաժեշտության մասին։
Ի դեպ, ռուս-վրացական գործարար խորհուրդը ստեղծվել է այս տարվա փետրվարին։