Մոսկվայում գոհ են «Վրացական երազանք»-ի քաղաքականությունից

Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը արձագանքելով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատավավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը, ասել է, որ «վերջին 16 տարիների ընթացքում Վրաստանը քաղաքականապես արթնացել է»։

«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահը Գորիում իր ելույթում ասել էր. «վրացիները պետք է ներողություն խնդրեն մեր օս քույրերից ու եղբայրներից»։

«Աճում է այն ըմբռնումը, որ 2008 թվականին Սաակաշվիլիի (Վրաստանը երրորդ նախագահ-հեղ.) արկածախնդրությունից հետո թշնամանքն ու առճակատումը պետք է տեղը զիջեն բանականությանը և կայունությանը։ Վերջին 16 տարիների ընթացքում Վրաստանը քաղաքականապես արթնացել է։ Մշտական ​​առճակատման անիմաստությունը շատերի համար պարզ է դարձել»,- Netgazeti լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Telegram ալիքում գրել է Կարասինը:

Ուշագրավ է, որ պաշտոնական Մոսկվայից «Վրացական երազանք»-ին գովաբանող հայտարարությունները վերջերս հաճախակի բնույթ են ստացել:

Նշենք, որ վրացի փորձագետների գնահատմամբ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը սկսելու և Վրաստանի տարածքների 20 տոկոսի օկուպացիայի համար նախկին կառավարությանը՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանը և պատերազմի ժամանակ նախագահած Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրելով, փորձում է նախընտրական դիվիդենտներ շահել. մի բան չեն գիտակցում՝ դիվիդենտներ շահելու նպատակով պատերազմ սկսելու համար ՄԱՇ-ին մեղադրելով, փաստացի ասում են, որ Վրաստանն է սկսել պատերազմը: Երկար տարիներ թե՛ Վրաստանը, թե՛ երկրի ռազմավարական գործընկերները, թե՛ տարբեր հետազոտություններ փաստել են՝ պատերազմը սկսել է Ռուսաստանը:

«Վրացական երազանք»-ն ու Մոսկվան ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ նույն լեզվով են խոսում. կարծիքներ