
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում մարտի 1-ին անցկացված արտահերթ «նախագահական» ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքներով՝ հաղթում է Ռուսաստանի աջակցությունը վայելող Բադրա Գունբան:
Ըստ դե ֆակտո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրապարակած նախանական արդյունքների՝ Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը։ Գունբայի մրցակից Ադգուր Արձինբան ստացել է ձայների 41,54 տոկոսը։
Նախքան նախնական արդյունքների հրապարակելը, Գունբան արդեն իրեն հաղթող էր հռչակել:
«Նախնական արդյունքները հայտնի են բոլորին… Այս արդյունքը ձեռք է բերվել մեր երկրի քաղաքացիների, մեր թիմի վստահության շնորհիվ, և ամենակարևորը՝ մեր ժողովրդի քվեարկության արդյունքն էր։ Սա պետք է լինի Աբխազիայի ժողովրդի հաղթանակը մեր երկրի ապագայի համար, մենք պետք է միասնական լինենք», — ասել էր Գունբան՝ դիմելով իր կողմնակիցներին։
Երեկ՝ մարտի 1-ին, օկուպացված Աբխազիայում կայացել է «նախագահական» ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլում լավագույն արդյունք գրանցած երկու թեկնածուներն են՝ Ադգուր Արձինբան (36,92 տոկոս) և Բադրա Գունբան (46,38 տոկոս)։
Վրաստամի Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը հայտարարում է, որ «ընտրությունների» անցկացումը «հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և հանդիսանում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության «Սահմանադրության» համաձայն՝ նախագահ կարող են ընտրվել միայն 35-ից 65 տարեկան աբխազական ազգության քաղաքացիները։
Օկուպացված Աբխազիայում «նախագահական» ընտրությունների առաջին փուլն անցկացվել է փետրվարի 15-ին։
Դե ֆակտո հանրապետության խորհրդարանը արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ 2020 թվականին «ընտրված» Ասլան Բժանիան հրաժարական է տվել 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ Սոխումիում օրեր շարունակվող բողոքի ակցիաների պատճառով։