Վերլուծաբանների հավաստմամբ Եվրամիության 12 կետից բաղկացած հանձնարարականների ցանկից որոշ կետեր են միայն լիովին կատարված, որոշները դեռևս խնդրահարույց են մնում։
«Զեկույցում խոսվում է նաև դրական դինամիկայի մասին, սակայն, ըստ իս, հատկապես կարևոր է, որ մենք առաջընթաց գրանցենք արժեքների, դատական և քաղաքական մշակույթի բարելավման գործում», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում մեկնաբանելով զեկույցը, ասում է քաղաքական հարցերով վերլուծաբան Գիորգի Մելաշվիլին՝ նշելով, որ այդ իսկ պատճառով Մոսկվայի հետ թռիչքների հնարավոր վերսկսման մասին խոսակցությունների փոխարեն պետք է զբաղվել ԵՄ-ի հանձնարարականների լիարժեք կատարմամբ։
Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել Վրաստանի կողմից ներկայացված ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ՝ գնահատելով եվրաինտեգրման ճանապարհին օրենսդրության մակարդակով Վրաստանի կատարած պարտավորությունները: Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը որոշակի մակարդակի պատրաստվածություն ունի մի շարք կարևոր ուղղությունների իրականացման հարցում։
Մելաշվիլին ընդգծում է, որ օբյեկտիվ տեխնոկրատական գնահատականի համաձայն, բոլոր երեք երկրները (Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև Վրաստանը) դեռևս գտնվում են ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու ճանապարհի սկզբում։
«Ուկրաինայի վրա Ռուսաստանի ոչ հրահրված և անարդար հարձակումից հետո աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, և հնարավորությունների պատուհան է բացվել, այդ թվում՝ Վրաստանի համար», — նշում է Մելաշվիլին։
«Ի՞նչ արեց Վրաստանը Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունները կատարելու համար և որտե՞ղ ենք մենք հիմա»,- այս հարցը կետերով ամփոփել է «Վրաստանի բարեփոխումների ասոցացիա» (GRASS) կազմակերպությունը։ Վերջինիս գնահատմամբ՝ 12 կետից միայն մեկ կետն է ամբողջովին կատարված, 6-ը՝ ընդհանրապես չի իրականցվել, իսկ մնացածը՝ մասնակի։
«Կարծում եմ՝ Եվրահանձնաժողովը կանդրադառնա ընդհանուր առմամբ, ոչ թե կոնկրետ մեկ կետին, թե ինչ է կատարվել, ինչը՝ ոչ, այլ, ընդհանուր առմամբ, շարժման դինամիկային ու հետագծին։ Կան հարցեր, որոնք կարելի է ավարտված համարել, բայց մնացել են հարցեր, օրինակ՝ հուլիսի 5-ի իրադարձությունների հարցը, որը չլուծված լինելու դեպքում չի կարող լիարժեք իրականացված համարվել», — «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը պարզաբանել է GRASS-ի փաստաթղթի կազմանը մասնակցություն ունեցած Վանո Չխիկվաձեն։
Գիորգի Մելաշվիլիի խոսքով՝ 12 հանձնարարականներից հատկապես կարևոր է, որ կառավարությունն առանձին ուշադրություն դարձնի 1-ին պահանջին՝ ապաբևեռացում, 3-րդին՝ դատական բարեփոխումներ, 4-րդին՝ հակակոռուպցիոն գործունեություն, 5-րդին՝ ապաօլիգարխացում և 12-րդին՝ անկախ հանրային պաշտպանի նշանակում։
Հենց այս կետերն են, որ խնդրահարույց են համարվում․ դրանց իրականացումը ընդդիմության քննադատության թիրախում է։