Մոսկվան խաղում է Թբիլիսիի հետ. փորձագետները՝ Լավրովի հայտարարության մասին

Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հեռանկարի վերաբերյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական խոստումների ֆոնին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե 2008 թվականին Հարավային Օսիայի վերաբերյալ Մոսկվայի ընդունած որոշումները վերանայման ենթակա չեն, և Մոսկվան կօգնի «Աբխազիային ամրապնդել իր միջազգային դիրքերը», Մոսկվայի հերթական խաղն է, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին վրացի որոշ փորձագետներ:

Ըստ փորձագետների՝ Մոսկվան «Վրացական երազանք»-ին օգնում է խաբել ընտրողներին և պատրանք ստեղծել, թե ընտրություններից հետո ինչ-որ դրական բան կարող է սկսվել, եթե «Վրացական երազանք»-ը հաղթի։ Նրանց դիտարկմամբ՝ Մոսկվան խաղում է Թբիլիսիի հետ:

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ Լավրովի հայտարարությունն անհուսալի է, քանի որ Մոսկվայի արտաքին քաղաքականությունն այն է, որ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխինվալի) կլանում տեղի ունենա հենց Մոսկվայի կազմում:

«Այս ֆոնին այն խոստումը, որ տալիս է «Վրացական երազանք»-ը՝ անհիմն է, և դրա մասին են վկայում նաև Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ Մոսկվան պատրաստ է օգնել «Վրաստանին, Աբխազիային և Հարավային Օսիային հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե դրանով շահագրգռված լինեն հենց իրենք՝ այդ երկրները»»,- ասաց Բիլանիշվիլին:

Կոնֆլիկտաբան, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով, հիմնարար ոչ մի բան չի փոխվի. ամեն բան նույնը կմնա և՛ ընտրություններից առաջ, և՛ ընտրություններից հետո:

Ըստ նրա՝ Սոխումին ու Ցխինվալին, որոնք նույնպես վախենում են Մոսկվայից սպասվող քայլերից, Լավրովի այս հայտարարությունից կհանդարտվեն.

«Լավրովը գործնականում թե՛ հրապարակավ, թե՛ հեռուստատեսությամբ, վստահ եմ՝ կուլիսներում ևս, հստակ ասել է, որ ոչ մի վտանգավոր բան չկա, և Աբխազիային ու Հարավային Օսիային ոչ մի վտանգ չի սպառնում, նույնիսկ եթե Մոսկվան վերանայի այդ վերաբերմունքը»:

Հիշեցնենք, որ ըստ օսական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հարավային Օսիայի դե ֆակտո արտգործնախարար Ախսար Ջիոևի հետ «բանակցություններից» առաջ ասել է, որ 2008 թվականի որոշումները «վերանայման ենթակա չեն»։ Լավրովն ասել է՝ Մոսկվան շարունակելու է աջակցել «մեր ընկերների անվտանգության ապահովմանը սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման և պետության հզորացման այլ ոլորտներում, ինչպես նախատեսված է երկկողմ պայմանագրերով»։ Լավրովի խոսքով, Ռուսաստանը կօգնի «Աբխազիային ամրապնդել իր միջազգային դիրքերը»։

Հայտնի է նաև, որ Մոսկվան օսական կողմից նոր ռազմակայանի տարածք է պահանջում:

Նշենք նաև, որ 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանն «անկախ երկրներ» է ճանաչել Հարավային Օսիան և Աբխազիան։

«Մոսկվան Թբիլիսիին Չեչնիայի ճակատագիրն է առաջարկում». կարծիքներ