
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հայտարարել է՝ Վրաստանի համար «3+3» ձևաչափի դուռը բաց է։ Կրեմլի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է՝ Վրաստանի «աթոռը կրկին տեղում է»։
«Ի սկզբանե բոլորը համակարծիք էին, որ մենք ունենք «3+3» ձևաչափ, մենք հասկանում ենք Վրաստանի կասկածները և նրա դիրքորոշման նրբությունները, բայց այս ձևաչափի նիստերի դահլիճում վրաց ներկայացուցիչների համար միշտ տեղ կգտնվի», — վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
Նման հայտարարությամբ ՌԴ ԱԳ նախարարը հանդես էր եկել 2024 թվականի հոկտեմբերին։ Նրա խոսքով, «3+3» հանդիպման մասնակիցները ևս մեկ անգամ ընդգծել են, որ Վրաստանի համար դուռը բաց է։
Անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին Լավրովը հայտարարել էր, թե «Մոսկվան պատրաստ է օգնել Աբխազիային, Հարավային Օսիային և Վրաստանին հարաբերությունների կարգավորման գործում»։ Ավելի ուշ Վրաստանի երկու օկուպացված շրջանների դե ֆակտո արտգործնախարարների հետ հանդիպմանը Լավրովը հայտարարել էր, որ «2008 թվականի որոշումները վերանայման ենթակա չեն»։
Նշենք, որ օրերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխնախարար Միխայիլ Գալուզինը խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին: Վերջին տարիներին «Վրացական երազանք»-ի ակտիվ հակաարևմտյան հռետորաբանության և եվրաինտեգրման ուղուց շեղվելու պայմաններում Մոսկվայում Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հույսեր ունենալը վրացի որոշ փորձագետներ թակարդ են անվանում: Ասում են՝ Մոսկվան պարբերաբար նման հայտարարություններով փաստում է, որ «Վրացական երազանք»-ի պատճառով տիրող իրավիճակի հետևում ռուսական ազդեցությունն է:
«3+3» ձևաչափը ենթադրում է համագործակցություն անվտանգության, տնտեսության և տրանսպորտի ոլորտներում։ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ մտադիր չէ մասնակցել այս հարթակին։ Ձևաչափի շրջանակներում առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականին Մոսկվայում, երկրորդը՝ Թեհրանում 2023 թվականին, երրորդը՝ Թուրքիայում։
2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ «տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ՝ ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու համար» (3+3) ստեղծելու նախաձեռնության մասին։ Դա տեղի է ունեցել Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին նախորդել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Լուսանկարը՝ TV Pirveli-ի
Մոսկվան առաջարկում է, Թբիլիսին լռում. ինչ են ասում փորձագետները