Մոսկվան շարունակում է իր գոհունակությունը հայտնել Վրաստանի ներկայիս իշխանության` «Վրացական երազանք»-ի վարած քաղաքականության կապակցությամբ, և դրա վառ օրինակը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն է, ըստ որի՝ Մոսկվան պատրաստ է օգնել «Վրաստանին, Աբխազիային և Հարավային Օսիային հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե դրանով շահագրգռված լինեն հենց իրենք՝ երկրները», «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման տեսակետ են հայտնել վրացի փորձագետները:
Փորձագետների կարծիքով` Մոսկվայից հնչած հայտարարությունները չեն նշանակում օգնել վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, այլ նշանակում են՝ կարգավորել հարաբերությունները «երեք անկախ պետությունների միջև»: Փաստացի՝ Մոսկվան Թբիլիսիին առաջարկում է Աբխազիան և Հարավային Օսիան, որ Վրաստանի իքնիշխան տարածքի մաս են հանդիսանում, ճանաչել որպես «անկախ պետություններ», ինչը Վրաստանի համար կնշանակի պետականության կորուստ. Մոսկվան Թբիլիսիին Չեչնիայի ճակատագիրն է առաջարկում:
Քաղաքագետ, նախկին պատգամավոր Դավիթ Զուրաբիշվիլիի խոսքով, Լավրովի հայտարարությունը ոչ թե աբխազների կամ օսերի, կամ նույնիսկ` նախկին ինքնավարությունների տարածքների մասին է, այլ Աբխազիայի և Հարավային Օսիայի՝ որպես ինքնիշխան սուբյեկտների։
«Այստեղ սկզբունքորեն ոչ մի նոր բան չկա։ Ռուսաստանը նման դիրքորոշում ունի նույնիսկ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո։ Այստեղ նորությունը միայն նրանց գոհունակությունն է վրացական կառավարության վերջին հայտարարությունների առթիվ, նաև` իշխանության կողմնակիցների մի մասի ուրախությունը շատ ցայտուն է. ըստ նրանց` անջատողական շրջանների անկախության ճանաչումն իսկևիսկ միացումն է»,- ասաց քաղաքագետը:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը «դրական» է գնահատել: Կալաձեն ասել է՝ պետք է գործողությունների պլան մշակել, որպեսզի դեօկուպացիա իրականացվի, և զորքերը դուրս բերվեն:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումն ու քաղաքականությունն օկուպացված տարածքների նկատմամբ միշտ նույնն է եղել. Վրաստանը պետք է մեղադրի ագրեսորության համար, ասի, որ Վրաստանն է սկսել պատերազմը, հայտարարի (ո՛չ թե ընդունի. սա ռուսական իմպերիալիզմի նարատիվն է) օկուպացված շրջանների «անկախությունը», խզի կապերն Արևմուտքի հետ, իսկ եթե պատերազմի մեկնարկի համար մեղադրի Արևմուտքին, ավելի լավ կլինի Մոսկվայի համար, ճանաչի Մոսկվայի գերիշխանությունն ու «խաղաղությունը» և հրաժարվի իրական ինքնիշխանությունից, այսինքն՝ դառնա Չեչնիայի նման կառույց։
Մելաշվիլիի համոզմամբ՝ այս քայլերից ցանկացածը համարժեք է վրացական պետականության կործանման։ Նրա պնդմամբ՝ օկուպացված տարածքների «ճանաչումը» ցանկացած ձևով նշանակում է երկու բան՝ այդ տարածքներից ընդմիշտ հրաժարում և Վրաստանի չօկուպացված տարածքների վերջնական օկուպացիա։
«Համադաշնության գաղափարը՝ կոնֆեդերացիայի անդամների վետոյի իրավունքով, ամբողջությամբ կկործանի վրացական պետությունը և մեզ կտանի դեպի քաոսի մի շրջան, երբ չենք կարողանա որևէ որոշում կայացնել առանց Մոսկվայի»,- գրել է Մելաշվիլին:
Քաղաքագետի խոսքով, հոկտեմբերի 26-ը վճռորոշ ընտրություններ են Վրաստանի պատմության մեջ.
«Ընտրությունը պարզ է՝ կա՛մ զիջում ենք օկուպացված տարածքները, միանում ենք Ռուսաստանին, զիջում ենք մեր ինքնությունն ու ինքնիշխանությունը և վիրավորում հայրենիքի համար զոհված հերոսներին, կա՛մ մեկընդմիշտ հրաժեշտ ենք տալիս ռուսական ցումպեին, վերադառնում ենք հայրենիք՝ եվրատլանտյան ընտանիք, և մասնակցում արևմտյան խաղաղությանն ու բարգավաճմանը»:
2024 թվականի սեպտեմբերի 14-ին Գորիում ունեցած ելույթում Վրաստանի իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններից անմիջապես հետո «պատերազմ հրահրողները երբ պատասխանատվության ենթարկվեն, երբ վրաց-օսական եղբայրության և համակեցության ոչնչացման գրեթե բոլոր մեղավորներն ստանան ամենախիստ իրավական գնահատականը, հասարակությունն ուժ կգտնի ներողություն խնդրելու այն բանի համար, որ առաջադրանքի համաձայն՝ դավաճան «Միացյալ ազգային շարժում»-ը 2008 թվականին կրակ է բացել օս քույրերի ու եղբայրների վրա»: Ավելի մանրամասն կարդալ ««Վրացական երազանք»-ն ու Մոսկվան ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ նույն լեզվով են խոսում. կարծիքներ» հոդվածում: