Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը կարծում է, որ Վրաստանի հետ ոչ պաշտոնական երկխոսության զարգացումը պահանջված կլինի նույնիսկ Գիորգի Քաջաիայի պարագայում։
Նրա խոսքով, Զուրաբ Աբաշիձեի հետ ոչ պաշտոնական երկխոսության ընթացքում շատ բան է արվել, և դրական արդյունքներ են գրանցվել վերջին 11 տարում։
«Վստահ եմ, որ այս միջոցառումները կշարունակեն պահանջված մնալ։ Ռուսաստանը շահագրգռված է պրագմատիկ երկխոսությամբ և վրացի գործընկերների հետ լիարժեք փոխշահավետ համագործակցության վերադարձով»,- netgazeti լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Կարասինը և թվարկել 11 տարվա ընթացքում Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսության ընթացքում ձեռք բերված արդյունքները, այդ թվում՝ առևտրաշրջանառության, տրանսպորտի և հումանիտար ոլորտներում։
Հիշեցնենք. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 11-ին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է մի շարք կադրային փոփոխությունների, այդ թվում՝ Գիորգի Քաջաիային Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին: Ուշագրավ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով վարչապետի արդեն նախկին հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն դարձել է վարչապետի խորհրդական։
Գիորգի Քաջաիան Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից Վրաստանի շահերի բաժնի ղեկավարն էր։ Մինչ այդ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի նոր ղեկավար է նշանակվել Մամուկա Մերկվիլաձեն։
Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի վերջից։ Նա բանակցություններ է վարել «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով։
Նշենք նաև, որ վերջին շրջանում պաշտոնական Մոսկվան պարբերաբար խոսում է Վրաստանի ներկա իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ գովաբանելով նրանց: Վրաստանի քաղհասարակությունը և ընդդիմությունը դժգոհում են Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից և նրանց մեղադրում ռուսամետ քաղաքականության համար: Ըստ նրանց՝ ռուսամետ քաղաքականությունը վնասում է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրությամբ, և, որին աջակցում է Վրաստանի բնակչության 80 տոկոսից ավելին: