Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փետրվարի 5-ի հայտարարությունը, ըստ որի՝ Վրաստանի տարածքում հայտնաբերվել է մինչև 14 կգ C-4 տեսակի պայթուցիկ, որն Ուկրաինայի Օդեսա քաղաքից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով բերվել է Վրաստան՝ այս տարվա հունվարի 19-ին Ռուսաստանի Վորոնեժ քաղաք տեղափոխելու համար, փոխանցում է radiotavisupleba.ge լրատվականը:
Ըստ Զախարովայի՝ «սա առաջին անգամը չէ, որ Վրաստանն ու նրա տարածքն օգտագործում են նրանք, ովքեր ցանկանում են ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքում և դիմում են ահաբեկչական մեթոդների»։ Զախարովան չի հստակեցրել, թե արդյոք Մոսկվան համագործակցում է վրացական իշխանությունների հետ ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի հարցում։ «Հակաահաբեկչական հարցերի շուրջ ռուս-վրացական փոխգործակցության առկայության վերաբերյալ խորհուրդ ենք տալիս համապատասխան մեկնաբանությունների համար դիմել Ռուսաստանի իրավասու մարմիններին»,- նշել է նա։
Վրաստանի ՊԱԾ-ի հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Բաչա Մգելաձեն փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ Վրաստանի տարածքում հայտնաբերվել է մինչև 14 կգ պայթուցիկ։ Տեղեկության համաձայն՝ պայթուցիկ սարքերը և նյութերը Ռուսաստան (Վորոնեժ քաղաք) արտահանման համար Ուկրաինայի Օդեսա քաղաքից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով Վրաստան են բերվել այս տարվա հունվարի 19-ին՝ «Սարփի» (վրաց-թուրքական) անցակետով։ Թաքցնելու նպատակով պայթուցիկները պահվել են մարտկոցների տուփերում: Ըստ ՊԱԾ-ի տեղեկության՝ Ուկրաինայի քաղաքացուն պատկանող մինիվեն տիպի մեքենայով Վրաստանից «Դարիալի» (վրաց-ռուսական) անցակետով նախատեսվում էր երեք պայթուցիկ սարք տեղափոխել Ռուսաստան, ևս երեք սարք մնացել էր Թբիլիսիում։
«Նշված դեպքի մանրամասները և փաստական հանգամանքները հիմք են տալիս կասկածելու, որ Վրաստանի տարածքի օգտագործումը և Վրաստանի քաղաքացիների մեծ ներգրավվածությունն այս գործընթացին ծառայեցրել են կարծիք ձևավորելու նպատակով, որ ահաբեկչական գործողությունները, որոնք կիրականացվեին Վրաստանում կամ Վրաստանի սահմաններից դուրս, (հիմք կհանդիսանար- խմբ.) Վրաստանին կմեղադրեն ինչպես պլանավորման, այնպես էլ՝ իրագործման համար»,- ասել է հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը։
Նրա տեղեկություններով, պայթուցիկ սարքերը Վրաստան բերելու, երկրի տարածքով տեղափոխման, բեռնարկղերից մեկը Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ տարանցման, իսկ դրանցից մեկը Թբիլիսիում տեղավորելու գործում ներգրավված են եղել Վրաստանի՝ 7, Ուկրաինայի՝ 3 և Հայաստանի 2 քաղաքացի: «Գործընթացը կազմակերպել է ծագումով Բաթումիից Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, որը 2020 թվականին «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Օդեսայի շրջանի պատգամավորի թեկնածու է եղել: Վերջինս ակտիվորեն հետևել է վերոնշյալ պայթուցիկ սարքերի տեղաշարժին Վրաստանից դուրս։ Քննությամբ պարզվել է նաև, որ վերոնշյալ անձինք, բացառությամբ Շարաշիձեի, հավանաբար՝ չեն իմացել մեքենայի ակումուլյատորներում տեղադրված պայթուցիկ սարքերի և պարկուճ պայթուցիչների մասին»:
Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը փետրվարի 6-ին արձագանքել է ՊԱԾ-ի հայտարարությանը՝ նշելով, որ ՊԱԾ-ի տարածած տեղեկատվությունը ստուգում է: Դեսպանատունը «հետաքրքրություն և պատրաստակամություն է հայտնել կառուցողական հարաբերությունների, Վրաստանի իրավապահ և այլ իրավասու մարմինների հետ՝ օբյեկտիվ, անկողմնակալ և ամբողջությամբ պարզաբանելու գործի հանգամանքները և դրա իրական կազմակերպիչներին պարզելու հարցում»։
Վրաստանի ՊԱԾ-ը ևս չի բացահայտել, թե արդյո՞ք համագործակցում է Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ։ Փետրվարի 5-ից հետո դեպքի լրացուցիչ մանրամասների մասին հաղորդումներ չեն եղել։
Ի դեպ, 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։ Հարկ է նշել, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս տարբեր հայտարարություններ է արել Վրաստանի ներկայիս իշխանությունների վերաբերյալ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անգամ, գովաբանել է Վրաստանի իշխանություններին և նրանց քաղաքականությունն անվանել «պրագմատիկ»: Ըստ փորձագետների՝ Վրաստանի ներկայիս կառավարությունը հաճոյանում է Մոսկվային, իսկ քաղաքացիական հասարակությունը Թբիլիսի-Մոսկվա «մերձեցման քաղաքականությունը» վտանգ է համարում Վրաստանի եվրատլանտյան նկրտումների համար: