Ռուսաստանը պետք է սովորի հարգել Ուկրաինայի ու Վրաստանի սահմանները, «Ղրիմի պլատֆորմի» չորրորդ գագաթնաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահը գագաթնաժողովում հավաքված առաջնորդներին դիմել է առցանց։ Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 11-ին։
Զուրաբիշվիլին Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան գնահատել է որպես ահաբեկություն և զուգահեռ անցկացրել ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի «Ալ Քաիդա»-ի մահապարտների ահաբեկության հետ։ Ըստ նրա՝ դաժանությունը, որը կատարվում է Ուկրաինայում, և որի հեղինակը Ռուսաստանն է, միայն Ուկրաինայի ողբերգությունը չէ:
Նախագահի խոսքով, «դա նախազգուշացում է աշխարհին, որ եթե (պատերազմը — հեղ.) չկանգնեցվի, Ռուսաստանը կշարունակի օգտագործել այդ դաժան մեթոդները՝ լինեն ուղղակի ավանդական պատերազմի մեթոդներ, ռազմական օկուպացիա, հիբրիդային պատերազմ թե ապատեղեկատվական արշավներ, հասնելու համար իր իմպերիալիստական նկրտումներին»:
Զուրաբիշվիլին ասել է՝ ուկրաինացիները ոչ միայն պաշտպանում են իրենց երկիրը, այլև պայքարում են բոլորիս համար։
«Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը կարևոր քայլ է խաղաղության և կայունության ապահովման առումով. Ռուսաստանը պետք է սովորի հարգել իր սահմանները ոչ միայն Ուկրաինայում, այլև Վրաստանում, Մոլդովայում և մնացյալ Եվրոպայում: Չափազանց երկար ժամանակ Մոսկվան անտեսում է միջազգային նորմերը՝ փորձելով ուժով փոխել սահմանները և խարխլել իր հարևանների ինքնիշխանությունը։ Նման պահվածքն այլևս չի կարելի հանդուրժել»,- ասել է Վրաստանի նախագահը: