Ռուսաստանի «Справедливая Россия—Патриоты—За правду» կուսակցության անդամ, քաղաքական գործիչ Սերգեյ Միխեևը Соловьёв LIVE-ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվայում խորհուրդ են տալիս Հայաստանին ու Վրաստանին «վերադարձնել» Ռուսաստանի կազմ։
Միխեևը նշել է՝ եթե Վրաստանը պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի կազմ, ապա հնարավոր է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը լուծվի, բայց որպես Ռուսաստանի մաս։
«Բոլորն ուրախացել էին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, և նրանք «ազատվեցին ռուս օկուպանտներից»… Կարծում էին, որ անկախությունը հեշտ կլինի…»,- նշել է քաղաքագետը:
Խոսելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը խզելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով անցկացվող ակցիաներին, Միխեևը նշել է, որ, եթե Հայաստանը ցանկանում է պաշտպանված լինել, պետք է ասի՝ «ես միանում եմ Ռուսաստանին»:
«Այո, այդ դեպքում Հայաստանը կստանա պաշտպանություն. հակառակ դեպքում նրանք անկախ ու անպաշտպան կլինեն։ Անկախությունը ծանր բեռ է, այն կրելու համար գիտելիք է պետք»,- ասել է Միխեևը: