Ռուսաստանը, նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում, մտադիր է շարունակել նպաստել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը
«Ինչ վերաբերում է Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերություններին, ապա, ինչպես հայտնի է, դրանք խզվել են 2008 թվականին Սաակաշվիլիի ռեժիմի նախաձեռնությամբ։ Ցավոք, դրանց վերականգնման հնարավորությունը ենթակա է քաղաքական պահանջների, որոնք հակասում են տարածաշրջանի նոր իրականությանը։ Մենք, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, մտադիր ենք շարունակել նպաստել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա։
Գալուզինը կենտրոնացել է Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկայի վրա. «Վրացական կառավարության պրագմատիկ գծի շնորհիվ հաղթահարվել է մեր երկրների հարաբերությունների բարդ շրջանը, որն առաջացել էր 2019 թվականին վրաց արմատականների հայտնի սադրանքով։ Անցյալ տարի չեղարկվել է Վրաստանի քաղաքացիների Ռուսաստան կարճաժամկետ մեկնելու վիզային ռեժիմը, որը գործում էր 2000 թվականից, իսկ ուղիղ չվերթերը վերականգնվել են»:
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով, այդ քայլերը դրական են ընդունվել Վրաստանի կառավարության և «բնակչության բացարձակ մեծամասնության կողմից»։ Նրա խոսքով, ուղիղ չվերթերի հաճախականությունն ու աշխարհագրությունը մեծանում են, երկու ռուսական և մեկ վրացական ավիաընկերություններ շաբաթական ավելի քան 60 չվերթ են իրականացնում Ռուսաստանի և Վրաստանի քաղաքների միջև։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Վրաստանի ղեկավարությունն անցյալ տարի «պրագմատիկ գիծ էր բռնել Ռուսաստանի նկատմամբ»։
Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթերը չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված՝ «Գավրիլովի գիշեր» հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չէր ընդունվել, ինչին հետևել էին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականից Վրաստանի հետ արգելված ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին: Վրաստանում որոշման հետ կապված ցույցեր ու ստորագրահավաք անցկացվեց, քաղհաարակությունը Վրաստանի կառավարությունից պահանջում էր վերջ տալ Մոսկվայի հետ «մերձեցման քաղաքականությանը» և չեղյալ հայտարարել ուղիղ չվերթերը:
2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։ Հարկ է նշել, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս տարբեր հայտարարություններ է արել Վրաստանի ներկայիս իշխանությունների վերաբերյալ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անգամ գովաբանել է Վրաստանի իշխանություններին և նրանց քաղաքականությունն անվանել «պրագմատիկ»: Ըստ փորձագետների՝ Վրաստանի ներկայիս կառավարությունը հաճոյանում է Մոսկվային, իսկ քաղաքացիական հասարակությունը Թբիլիսի-Մոսկվա «մերձեցման քաղաքականությունը» վտանգ է համարում Վրաստանի եվրատլանտյան նկրտումների համար: