Մոսկվան կրկին գովաբանել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարությանը և քննադատել գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Ուշագրավ է, որ պաշտոնական Մոսկվայից «Վրացական երազանք»-ին գովաբանող հայտարարությունները վերջերս հաճախակի բնույթ են ստացել:
Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Վրաստանում իշխող թիմի կողմից նախաձեռնված ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի մասին և ասել, որ «օրենքը բխում է վրացական հասարակության շահերից»։ Նա նաև անդրադարձել է «գործակալների օրենք»-ին և ասել, թե վրաստանյան օրենքը «մեղմ է Ֆրանսիայի, Լեհաստանի և ԱՄՆ-ի օրենքների համեմատ»։
«Այն, ինչ անում է Վրաստանի կառավարությունը, գիտակցելն ու հասկանալն է իր ազգային ինքնությունը, որ վրաց ժողովուրդն ունի ուղղափառության, ազգային մշակույթի նույն արժեքները, որոնք կջնջվեն և կհարմարեցվեն Արևմուտքի «կանոններով», որոնք պարտադրված է բոլորին, առաջին հերթին՝ լիբերալ ժողովրդավարության կամ, եթե կուզեք, ժողովրդավարական լիբերալիզմի արժեքների համատեքստում»,- ասել է Լավրովը:
Ռուս դիվանագետն իր հակաարևմտյան հայտարարության մեջ մի քանի անգամ հիշատակել է ավանդույթներն ու ընդհանուր արժեքները։ Նա նաև մեկնաբանել է Վրաստանի կառավարության և նախագահի հարաբերությունները՝ քննադատելով Զուրաբիշվիլիին:
Ի դեպ, սեպտեմբերի 4-ին խորհրդարանի լիագումար նիստի 2-րդ ընթերցմամբ 81 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Վրացական երազանք»-ի հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը փոփոխություններ է նախատեսում գործող 18 օրենքներում։ ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագիծը խորհրդարանում գրանցվել է 2024 թվականի հունիսի 10-ին և նախատեսում է իրավունքների և ազատությունների սահմանափակում՝ հանուն ընտանեկան արժեքների պաշտպանության։