Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը ջանք է գործադրում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի տարածքով Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար, գրել է RadioTavisupleba-ն՝ հենվելով հայկական մեդիաներին:
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի իրականացնենք այն լայնածավալ ճանապարհային քարտեզը, որը սահմանվել է։ Այս ճանապարհային քարտեզը ներառում է փաստաթղթերի ստորագրում պետությունների ղեկավարների և մեր երկրների կառավարություններին ենթակա համապատասխան հանձնաժողովների մակարդակով։ Ամեն ինչ արվում է ամեն օր, որպեսզի դա իրականացվի»,- ասել է Զախարովան։
Ի դեպ, մինչ այդ ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատինիրն էր հայտարարել «Աբխազիայի տարածքով» երկաթուղային տարանցման անհրաժեշտության մասին։ Այս թեման քննարկվել է ռուս-վրացական գործարար խորհրդի նիստում։
Աբխազ քաղաքական գործիչները կողմ են «երրորդ երկրներից» ապրանքների տարանցմանը «Աբխազիայի տարածքով»։ Դրա մասին նրանք հայտարարեցին ապրանքների հնարավոր տարանցման աշխատանքային խմբի նիստից հետո։
Նշենք նաև, որ 2021 թվականին Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումային, որ Աբխազիան պատրաստ է «հավասար պայմաններով» մասնակցելու Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի բացման նախագծին։
Ըստ Վրաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղային հաղորդակցության հարց օրակարգում չկա։