Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ Վրաստանի կառավարությունը «դասեր կքաղի անցյալից և ավելի հավասարակշռված» քաղաքականություն կվարի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած 2021 թվականի ամփոփ հարցաշարում։
Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման մասին հարցին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն ասել է․
«Ռուսաստանը ստիպված եղավ ընդունել վերոնշյալ սահմանափակումները՝ ի պատասխան վրաց արմատականների հայտնի սադրանքի։ Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք ընդհանուր առմամբ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման, առկա տարաձայնությունների հաղթահարման, երկկողմ կապերի վերականգնման և զարգացման, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից։ Սակայն նման գործընթացը պետք է երկկողմանի լինի։ Մենք մեծ հույսեր ունենք, որ Վրաստանի կառավարությունը դասեր կքաղի անցյալից և ավելի հավասարակշռված քաղաքականություն կվարի Ռուսաստանի նկատմամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Նշենք, որ Ռուսաստանը դադարեցրել է չվերթները դեպի Վրաստան 2019 թվականի հունիսի 20-ի բողոքի ցույցերից հետո։ Հունիսի 20-ին, այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր Գավրիլովը նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին, Վրաստանում սկսվեցին հակաօկուպացիոն ցույցեր՝ պահանջելով պաշտոնանկ անել Վրաստանի կառավարության մի քանի պաշտոնյաների: Արդյունքում Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական տվեց։
Ռուսաստանի կառավարությունը տեղի ունեցածը որակեց որպես «ռուսաֆոբ սադրանք» և հուլիսի 8-ին արգելել է ռուսական և վրացական ավիաընկերություններին չվերթներ իրականացնել դեպի Վրաստան։