Ռուսաստանը չի դիտարկում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխնիվալի) դե ֆակտո հանրապետությունները Վրաստանին վերադարձնելու տարբերակը, վրաստանյան Netgazeti լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Դումայի պատգամավոր, Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) կազմակերպության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ «Մոսկվան կկատարի անվտանգության բոլոր պայմանավորվածությունները» և իր զորքերը շրջաններից դուրս չի բերի։
«Մերձեցումը ենթադրո՞ւմ է ռուսական զորքերի դուրսբերում։ Մենք պայմանագրեր ունենք Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ անվտանգության, ռազմական հարցերի և այլնի վերաբերյալ։ Այս հարցը ոչ ոք չի քննարկում։ Սերգեյ Լավրովն ասել է այն, ինչ ասել է, նա նկատի չի ունեցել զորքերի դուրսբերումը: Բանն այն է, որ անհրաժեշտ է Աբխազիայում, Օսիայում և Վրաստանում առերեսվել առկա իրականությանը, միջպետական հարաբերությունների շրջանակներում հաստատել իրական փոխգործակցության ինչ-որ ձև։ Լավրովի խոսքերը չպետք է ընկալել որպես Ռուսաստանի շահագրգռվածություն Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանին վերադարձնելու հարցում։ Այս հարցը վաղուց անցել է: Եթե իրար հետ տնտեսական ու բիզնես հարաբերություններ են հաստատեն, դա միշտ դրական է»,- ասել է Զատուլինը:
Ի դեպ, օրերս ՌԴ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը հայարել էր, որ Մոսկվան պատրաստ է օգնել «Վրաստանին, Աբխազիային և Հարավային Օսիային հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե դրանով շահագրգռված լինեն հենց իրենք՝ երկրները»:
Լավրովի հայտարարությունը Թբիլիսում միանշանակ չընդունվեց: Վրացի փորձագետների գնահատմամբ՝ «Մոսկվան Թբիլիսիին Չեչնիայի ճակատագիրն է առաջարկում»: Իշխող թիմը, ի դեմս՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը «դրական» է գնահատել: