Մոսկվան առաջարկում է, Թբիլիսին լռում. ինչ են ասում փորձագետները

Վերջին տարիներին «Վրացական երազանք»-ի ակտիվ հակաարևմտյան հռետորաբանության և եվրաինտեգրման ուղուց շեղվելու պայմաններում Մոսկվայում Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հույսեր ունենալն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում վրացի որոշ փորձագետներ թակարդ են անվանում: Ասում են՝ Մոսկվան պարբերաբար նման հայտարարություններով փաստում է, որ «Վրացական երազանք»-ի պատճառով տիրող իրավիճակի հետևում ռուսական ազդեցությունն է:

Ըստ փորձագետների՝ «Վրացական երազանք»-ը Ռուսաստանի հետ բացեիբաց դիվանագիտական հարաբերություններ չի սկսի, քանի որ երկրում ցույցերը չեն հանդարտվում. նման քայլը վերջակետ կլինի «Վրացական երազանք»-ի կառավարության համար: Նրանց դիտարկմամբ՝ «Վրացական երազանք»-ը շատ լավ գիտի, որ վրաց ժողովուրդը Ռուսաստանի հետ մերձեցում չի ուզում, եվրատլանտյան ինտեգրացիա է ուզում. դրա վկայությունն են նաև «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ի հայտարարությունից հետո վերսկսված լայնածավալ եվրոպամետ ցույցերը:

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով, Մոսկվան ասում է՝ այն, ինչ կատարվում է Վրաստանում, իր միջամտությամբ է կատարվում. սրանով աշխարհին ցույց է տալիս, թե ինքն է կառավարում իրավիճակը Վրաստանում, ուրիշ ոչ ոք:

Կոնֆլիկտաբանն ասաց՝ փաստացի «Վրացական երազանք»-ը շարժվում է դեպի Ռուսաստան, բայց պրոպագանդայի մակարդակով հակառակն է փորձում համոզել:

«Կարծում եմ՝ այսօրվա դրությամբ «Վրացական երազանք»-ը չի գնա դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհով. ոչ թե այն պատճառով, որ չի ուզում, այլ այն պատճառով, որ դա նոր բողոքի ալիք կհրահրի. ժողովուրդը դեռ փողոցում է: Նրանք այդ քայլին չեն գնա: Դեռ կշարունակեն պատրանք ստեղծել, թե ռուսամետ չեն, բայց փաստ է՝ «Վրացական երազանք»-ը ռուսամետ է», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց կոնֆլիկտաբանը:

Ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, քաղաքագետ Գրիգոլ Գեգելիան խնդիրը դիտարկում է երկու համատեքստում.

  • Առաջին — ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի և կայունանա այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական ռազմական ուժերը չեն լքել Վրաստանի սուվերեն տարածքը, և «դեսպանատները» չեն դադարեցրել իրենց գործունեությունը Սոխումիում և Ցխինվալիում (Հարավային Օսիա):
  • Երկրորդ — երբ «Վրացական երազանք»-ը ոչ է ասում Արևմտյան քաղաքակրթությանը, եվրատլանտյան ինտեգրացիային, Ռուսաստանն ի պատասխան «Վրացական երազանք»-ի քաղաքականության՝ «առաջարկությամբ» է հանդես գալիս:

Ըստ Գեգելիայի՝ իր մատնանշած 2-րդ քայլը Ռուսաստանի կողմից «թակարդ» է Վրաստանի համար: Նրա խոսքով, տարեկան մի քանի նման հայտարարություններից զատ, Ռուսաստանը շարունակում է իր ֆաշիստական և իմպերիալիստական քաղաքականությունը ինչպես Վրաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի նկատմամբ:

««Վրացական երազանք»-ի կառավարությունը հայտնի է Վրաստանի ազգային-սուվերեն դիրքորոշում չունենալու իր քաղաքականությամբ: Նրանք չեն արձանագրում Վրաստանի ազգային-սուվերեն դիրքերը միջազգային ասպարեզում. ավելին՝ արել են ամեն ինչ, որ Վրաստանը կորցնի իր ազգային-սուվերեն դիրքերն արտաքին քաղաքական աշխարհում», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Գեգելիան:

Նշենք, որ օրերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխնախարար Միխայիլ Գալուզինը խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին:

Հիշեցնենք նաև, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են 2008 թվականից՝ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո:

ՌԴ-ն վերականգնելու հույս ունի դիվանագիտական ​​հարաբերությունները Վրաստանի հետ