Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ռուսական Azimuth Airlines ավիաընկերությանն արդեն տվել է Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ թռիչքների թույլտվություն:
Հատկանշական է, որ այս փուլում Azimuth Airlines ավիաընկերության կայքում Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ տոմսեր հնարավոր է ձեռք բերել սկսած մայիսի 19-ից:
Թռիչքի տոմսի արժեքը տարբերվում է ըստ կատեգորիայի և արժե 23 հազար 373 ռուբլի կամ 748 լարի և 63 հազար 933 ռուբլի կամ 2046 լարի։ Համեմատաբար էժան տոմսը ներառում է 5 կգ ուղեբեռ, իսկ թանկ տոմսինը` 10 կգ:
Իսկ ահա Թբիլիսի-Մոսկվա թռիչքի Azimuth Airlines-ի տոմսի արժեքը համեմատաբար էժան է։ Մասնավորապես, մայիսի 19-ին Թբիլիսիից Մոսկվա թռիչքն արժե 21 հազար 052 ռուբլի կամ 674 լարի և 56 հազար 542 ռուբլի կամ 1 809 լարի։ Այս դեպքում էլ տարբերություն կա ուղեբեռի և տոմսի վերադարձի գործընթացի միջև։
Ըստ քաղավիացիայի գործակալության՝ Azimuth Airlines-ը Եվրամիության սև ցուցակում չէ, իսկ թռիչքների համար անհրաժեշտ թույլտվությունը ընկերությանը տրվել է մայիսի 15-ին։ Չվերթերն իրականացվելու են շաբաթական 7 անգամ:
Ի դեպ, մայիսի 14-ին քաղաքացիները ստորագրահավաք են սկսել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ռուսական Azimuth Airlines-ը սկսում է թռիչքները Վրաստանի և Ռուսաստանի միջև։ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը կիրականացվի մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։
Ի դեպ, 2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։
Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այդ որոշումը, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների պնդմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։