Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղում այսօր մոմավառության երթով հարգանքի տուրք մատուցեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Դամիա գյուղի դպրոցի ուսուցիչները, աշակերտները և գյուղի այլ բնակիչներ ծաղիկներ խոնարհեցին և մոմեր վառեցին գյուղի սրբատեղի համարվող լուսավորված խաչի մոտ։
Հատկանշական է, որ այս միջոցառումն անցկացվում է արդեն մի քանի տարի` անկախ եղանակային պայմաններից։
Երթի մասին դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանը նախօրոք հայտարարել էր Դամիա գյուղի դպրոցի ֆեյսբուքյան էջում՝ հորդորելով բոլոր ցանկացողներին միանալ:
Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցը։ Հայոց ցեղասպանությունն այս պահի դրությամբ ընդունել են հետևյալ երկրները՝ Ֆրանսիա, Ուրուգվայ, Վենեսուելա, ԱՄՆ, Ռուսաստան, Վատիկան, Սլովենիա, Սլովակիա, Սիրիա, Պորտուգալիա, Պարագվայ, Չիլի, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Հունաստան, Կիպրոս, Բոլիվիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Լիտվա, Լիբիա, Լիբանան, Լեհաստան, Լատվիա, Իտալիա, Դանիա, Գերմանիա, Բուլղարիա, Բրազիլիա, Բելգիա, Արգենտինա, Ավստրիա: Եղեռնը ճանաչել և դատապարտել են կազմակերպություններ, նահանգային և ինքնակառավարման մարմիններ ու քաղաքային խորհուրդներ։