Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ասոցացված եռյակ»-ի անդամ հանդիսացող Մոլդովայում անցկացված հանրաքվեն քաղաքական քննարկման առիթ դարձավ: Վրացի վերլուծաբաններն ասում են՝ Մոլդովայի ժողովրդի նման վրաց ժողովուրդն էլ պետք է «այո» ասի եվրոպական ապագային: Վերլուծաբանները կարևորում են ընտրություններում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը՝ նշելով, որ Մոլդովայում անցկացված ընտրություններն ապացուցեցին՝ անգամ մեկ ձայնը որոշիչ կարող է լինել:
Փորձագետները պնդում են՝ հոկտեմբերի 26-ին Վրաստանում ևս հանրաքվե է անցկացվելու. որոշվելու է՝ Վրաստանը շարունակում է եվրոպական ուղին, թե՝ վերադառնում է բռնապետական, ռուսական ուղեծիր:
Նշենք, որ 0,76 տոկոս ձայնի առավելությամբ որոշվեց «Ասոցացման եռյակ»-ի անդամ հանդիսացող Մոլդովայի եվրոպական ուղու ընթացքը: Մոլդովայում հանրաքվեին մասնակցած 1 մլն 488 հազար 874 քաղաքացիների 50.38 տոկոսը (750 հազար 075) «այո», իսկ 49.62 տոկոսը (738 հազար 799)՝ «ոչ» է ասել հարցին. «Կո՞ղմ եք, որ Սահմանադրության մեջ գրվի, որ Մոլդովան պետք է դառնա Եվրամիության անդամ»: Այսպիսով՝ 11 հազար 276 ձայնի տարբերությունը որոշեց Մոլդովայի ճակատագիրը:
Վրացի փորձագետների գնահատմամբ՝ անգամ ռուսական մեծ միջամտությանը՝ մոլոդովացիները կարողացան ճիշտ ընտրություն կատարել. այդպես պետք է լինի նաև Վրաստանի դեպքում:
Վրացի վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ չնայած ընտրություններում ռուսական ազդեցությանը՝ Մոլդովան կարողացավ մնալ ճիշտ ուղու վրա. սա կարևոր է նաև Վրաստանի համար: Բատիաշվիլին ընդգծեց ընտրություններում անգամ մեկ ձայնի կարևորությունը, որը որոշիչ կլինի Վրաստանի համար:
«Վրաստանում ևս այս ընտրություններին համարժեք ընտրություններ կանցկացվեն մի քանի օրից: Վրաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն Ռուսաստանի և Վրաստանի միջև, այն Վրաստանի, որը կարող է դառնալ արևմտյան քաղաքակիրթ աշխարհի մաս: Վրաստանը պետք է վերադառնա մի ուղի, որն ընտրել է տասնամյակներ շարունակ: Վրաստանը պետք է դառնա ԵՄ անդամ երկիր, սա վրաց ժողովրդի կամքն է, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրությամբ»,- ասաց Բատիաշվիլին:
Մոլդովայում նախագահական ընտրությունների և հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո նախագահ Մայա Սանդուն հայտնել էր, որ Մոլդովայի կառավարությունն ապացույցներ ունի այն մասին, որ «հանցավոր խմբերը նպատակ են ունեցել գնել 300 հազար ձայն»։ Մոլդովայի բարձրաստիճան պաշտոնյաները հոկտեմբերի սկզբից խոսում էին ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայի մասին։
Իրավապահները հոկտեմբերի 3-ին հայտարարեցին, որ միայն սեպտեմբերին 130 հազար մոլդովացիների հաշվեհամարներին փոխանցվել է 15 մլն ԱՄՆ դոլար։ Նրանց կարծիքով, սխեմայի հետևում կանգնած է ռուսամետ օլիգարխ և քաղաքական գործիչ Իլան Շորը:
Հանրաքվեն անցկացվել է նախագահական ընտրություններին զուգահեռ։ Գործող նախագահ, եվրաինտեգրման կողմնակից Մայա Սանդուն, որը հավակնում է երկրորդ ժամկետի համար, պաշտոնը պահպանելու համար պետք է մասնակցի նոյեմբերի 3-ին նախատեսված երկրորդ փուլին:
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեի խոսքով, Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ անգամ մեկ ձայնը կարող է էապես ազդել ընտրությունների/հանրաքվեի արդյունքների վրա: Միքելաձեն նշում է՝ 1 ձայնը նույնպես որոշիչ է. այս կարծիքը երբեք այսքան ճշմարիտ չի եղել Վրաստանում վերջին տարիների որևէ ընտրությանը:
Ըստ նրա՝ Մոլդովայի օրինակը ցույց է տալիս նաև, որ անվտանգության, ինստիտուտների և ժողովրդավարության առումով Վրաստանից թույլ երկրին, որը գործնականում երկու մասի է բաժանված աշխարհաքաղաքական և գաղափարական առումով, կարողանում է խուսափել Ռուսաստանից եկող սպառնալիքներից՝ շարունակելով ուժեղացնել եվրաինտեգրման գործընթացը.
«Ուստի, «Վրացական երազանքի» կառավարության «պատերազմական սպառնալիքը», որ եթե Վրաստանը արագացնի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, կամ եթե Վրաստանում իշխանության գան բացահայտ արևմտամետ ուժեր, մենք ռիսկի կհանդիպենք՝ անհեթեթություն է»։
Նրա խոսքով, Ռուսաստանը միջամտեց Մոլդովայի ընտրությունների և հանրաքվեի գործընթացին, բայց այստեղ էլ պարտվեց։ Նրա գնահատմամբ՝ Մոլդովայի կառավարությունը շատ լավ է վարում հիբրիդային պատերազմը.
«Մենք էլ գլուխ կհանենք, մանավանդ, որ ավելի կոնսոլիդացված հասարակություն ենք, դեռ ունենք ավելի լավ գործող ինստիտուտներ, չունենք «պայթելու վտանգի տակ գտնվող» շրջաններ։ Մեր առաջընթացը միայն քաղաքական կամք է պահանջում: Քաղաքական այդ կամքը մենք պետք է ստեղծենք հոկտեմբերի 26-ին»:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Վրաստանյան ընտրությունները դիտարկվում են որպես հանրաքվե՝ Վրաստանը ռուսական ուղեծիր է գնում, թե շարունակում է եվրաինտեգրումը։