Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «ռուսական օրենքի» դեմ բողոքը գրանցել է։
«Այս փաստը ևս մեկ անգամ բացահայտում է իշխանական լրատվամիջոցների տարածած կեղծ տեղեկությունը, թե, իբր, հասարակական կազմակերպությունները «ռուսական օրենքի» դեմ բողոք չեն ուղարկել Ստրասբուրգի դատարան»,- հայտնել է GYLA-ն։
«Ռուսական օրենքը» ՄԻԵԴ-ում բողոքարկել են 16 լրատվամիջոց, 120 քաղաքացիական հասարակության կազմակերպություն և 4 անհատ։
Դիմումատուները վիճարկում են հավաքների և միավորումների ազատության իրավունքի, արտահայտվելու ազատության, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքի, խտրականության և արդյունավետ իրավական պաշտպանության դեմ կատարված խախտումները։
Հիշեցնենք, 2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ վերանայման է վերադարձնում «ռուսական օրենքը»։ Օրենքը վերջնականապես հաստատվեց մայիսի 28-ին՝ 2 ամիս տևած քննարկումներից ու հազարավոր մարդկանց զանգվածային բողոքներից հետո։
Հասարակական կազմակերպությունները, քաղաքական գործիչները և լրատվամիջոցները վիճարկել էին Ռուսաստանի օրենքը Սահմանադրական դատարանում և պահանջել էին չեղարկել և կասեցնել մինչև վերանայման ավարտը։ Վրաստանի Սահմանադրական դատարանը չէր կասեցրել «ռուսական օրենքի» կիրառումը և հայցն ընդունել էր մասնակի քննարկման։
Հոկտեմբերի 22-ին հայցը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 16 լրատվամիջոցների, 120 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և 4 անհատների անունից։
Նշենք նաև, որ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները Վրաստանի իշխանություններից պահանջում են չեղարկել «ռուսական օրենքը»։ Նույնը պահանջում են միջազգային կազմակերպություններն ու կառույցները։