Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2019 թվականի հունիսի 20-21-ը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցը ցրելու արդյունավետ հետաքննության մասով արձանագրել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում):
Դատարան է ներկայացվել 26 դիմումատուների գործը, որով նրանք պնդում են, որ վնասվածքներ են ստացել չհիմնավորված ուժի կիրառման հետևանքով, և քննությունը համարվել է անարդյունավետ։
Բացի այդ, դիմումատուները պնդել են, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ (արտահայտվելու ազատություն), 11-րդ (հավաքների ազատություն) և 13-րդ (արդյունավետ պաշտպանության իրավունք) հոդվածները: Դատարանը ձեռնպահ է մնացել այս հոդվածների խախտում հայտնաբերելուց։
Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը պարտավորեցրել է Վրաստանի պետությանը գումար վճարել մի քանի դիմողների։
Որոշմամբ` առաջին, վեցերորդ, իններորդ և տասնմեկերորդ դիմումատուները պնդել են, որ հունիսի 20-ի դեպքերի հետևանքով, փաստորեն, կորցրել են տեսողությունը։ Վնասի հաշվարկի հիման վրա պետությանը պարտավորեցրել են 15-հազարական եվրո վճարել 4 քաղաքացու։
Վրաստանի կառավարությանը պարտավորեցրել են վճարել 5-հազարական եվրո 18 քաղաքացու։
Կառավարությունը նաև պարտավորվել է վճարել ցանկացած լրացուցիչ ծախս, ներառյալ դիմումատուների իրավական ծախսերը և յուրաքանչյուր ներկայացուցչի համար 6000 եվրո:
2019 թվականի հունիսին, երբ Վրաստանում տեղի ունեցավ «Ուղղափառության միջազգային ասամբլեայի» նստաշրջանը, խորհրդարանի նախագահի աթոռը զբաղեցրեց ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Այս փաստին հետևեց հասարակական ընդվզումը, և հազարավոր մարդիկ հավաքվեցին Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ։ Այնուհետև իրավապահները հանրահավաքի մասնակիցներին ուժով ցրեցին։
2019 թվականի հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում և դրա հարակից տարածքում, ըստ պաշտոնական տվյալների, տուժել է 240 մարդ։ Նրանց թվում՝ ավելի քան 30 լրագրող։ Ռետինե փամփուշտներից ստացված վնասվածքներից երկու հոգի կորցրել են աչքը։ Հանրահավաքի ևս մի քանի մասնակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել աչքերի և գլխի շրջանում։ Մոտ 80 իրավապահ տեղափոխվել է կլինիկա։
Գավրիլովի՝ Վրաստանում գտնվելու ընթացքում ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի խորհրդարանի նախագահն էր, իսկ Գիորգի Գախարիան՝ ներքին գործերի նախարարը։ Գախարիան «Վրացական երազանքից» հեռացել է 2021 թվականին և հիմնել ընդդիմադիր կուսակցություն։