«Ես լիովին վստահ եմ, որ Վրաստանի ապագան Եվրամիության ընտանիքում է», — Մոլդովայում Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Միշելն ասել է՝ ճիշտ որոշումներ պետք է կայացնի նաև Վրաստանի կառավարությունը, որպեսզի իրականացվեն անհրաժեշտ բարեփոխումները: Միշելի խոսքով, վրաց ժողովուրդը գիտի, որ կարող է հույս դնել իր անձնական և Եվրամիության աջակցության վրա։
«Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին հնարավորությունների պատուհան կբացվի, որպեսզի հստակ ընտրություն կատարվի։ Ոչ թե Բրյուսելին հաճոյանալու համար, այլ հստակ ընտրություն կատարելու՝ ապահովելու համար, որ Վրաստանի ապագան հիմնված լինի եվրոպական հիմնարար արժեքների՝ խաղաղության, բարգավաճման, տնտեսական և սոցիալական զարգացման վրա»,- ասել է Միշելը։
Հարցին, թե նախատեսում է արդյո՞ք այցելել Վրաստան, Միշելը նշել է՝ ուրախ կլինի կրկին լինել Վրաստանում՝ հանդիպելու վրացի ժողովրդին:
«Վրաստանի նախագահն ինձ հրավիրել է, կտեսնենք, արդյոք հնարավոր կլինի կրկին այցելել Վրաստան»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Ինչ վերաբերում է տարվա վերջին Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությանը, Միշելն ասել է. «Մենք ունենք շատ հստակ քաղաքական օրակարգ: ԵՄ-ն գիտակցում է, որ կարևոր է քայլեր ձեռնարկել ԵՄ ընդլայնման գործընթացում։ Այդ հարցի շուրջ Եվրահանձնաժողովը ամռվանից հետո գրավոր կարծիք կհրապարակի։ Կկրկնեմ՝ ասելով, որ նախատեսում եմ այս թեման օրակարգ մտցնել մինչև տարեվերջ»։