Մայիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
ԵՄ անանուն պաշտոնյան վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցին ասել է, որ երկու զրույցի ընթացքում էլ քննարկվել է «Օտարերկրյա ազդեցության մասին օրենքի» վերաբերյալ բնակչության մտահոգությունների հաղթահարման հնարավոր ուղիներ գտնելը։
Ըստ աղբյուրի՝ Զուրաբիշվիլիի հետ զրույցում Միշելն ընդգծել է նրա առանձնահատուկ դերը Վրաստանում բևեռացվածության հաղթահարման գործում և շնորհակալություն հայտնել այդ նպատակին հասնելու ջանքերի համար։ Իսկ ահա Կոբախիձեին Միշելը կոչ է արել շարունակել քաղաքական անհանգիստ իրավիճակից ելքի որոնումները։
Ըստ տեղեկությունների՝ ԵԽ նախագահ Միշելն ընդգծել է, որ վրաց ժողովուրդը որոշել է, որ իր ապագան իրենից է կախված, և «համարձակ քաղաքական առաջնորդները» չպետք է խանգարեն ժողովրդին: Նրա խոսքով, Վրաստանը չպետք է վտանգի իր եվրոպական ապագան որևէ դերակատարի կարճաժամկետ քաղաքական ձեռքբերումների պատճառով։
Նաև, ինչպես հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրամիությունը հստակ և բազմիցս հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի ոգին և բովանդակությունը չեն համապատասխանում Եվրոպական միության հիմնական նորմերին ու արժեքներին։
Միշելը հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել վերապահումով, և առաջընթացը պետք է համապատասխանի Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականով սահմանված քայլերին։
Միշելի և Զուրաբիշվիլիի հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածել նաև Վրաստանի նախագահի վարչակազմը, ըստ որի` զրույցի ընթացքում շոշափվել են երկրում տիրող ընթացիկ իրադարձությունները. հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։