Վրաստանի խորհրդարանը երկարաձգել է սահմանափակումներ մտցնելու կառավարության իրավունքը: Հարցին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 22-ը: Փոփոխությունների փաթեթի համաձայն, կառավարությունը երկրում առանց արտակարգ դրություն սահմանելու կարող է որոշ սահմանափակումներ մտցնել:
Կառավարությանը միանձնյա սահմանափակումներ մտցնելու իրավունքը երկարացվում է արդեն երկրորդ անգամ: Նշված իրավունքը խորհրդարանը կառավարությանը շնորհել էր 2020 թվականի մայիսի վերջին: 2020-ի դեկտեմբերին մանդատը երկարաձգվեց ևս 6 ամսով, որն ավարտվում է հուլիսի 1-ին:
Օրենքը, որն ընդունվել է 2020 թվականի մայիսին, կառավարությանը իրավունք է տալիս կարանտինային միջոցներ կիրառել հանրային առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ առանց խորհրդարանի համաձայնության, ինչը հանգեցնում է մի շարք սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակումների, ներառյալ հավաքների ազատությունը, տեղաշարժի, սեփականության, տնտեսական ազատությունը և սոցիալական իրավունքները:
Խորհրդարանի այս որոշումը արժանացել է քննադատությունների մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների և ընդդիմության կողմից, քանի որ այն համարվել է հակասահմանադրական: