Ադրբեջանի հետ ցամաքային փակ սահմանի պատճառով Վրաստանը կորցրել է 1,5 մլն զբոսաշրջիկ և 400 մլն դոլար, հայտնում են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից:
«Որոշակի ժամանակահատված (2020 թվականի գարնանից- հեղ.) Ադրբեջանի ցամաքային սահմանը փակ է։ Սա ուղղակիորեն արտացոլվում է թվերով և չվաստակած եկամուտներով: Շատ պարզ լինելու համար ասեմ, որ այս գործոնի պատճառով մեր երկիրը փաստացի կորցրել է ավելի քան 1,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը համարժեք է մոտ 400 միլիոն դոլար չվաստակած եկամուտի։ Հենց այս գործոնը հանգեցրեց նրան, որ մեր զբոսաշրջային հոսքերի վերականգնումը 2023 թվականին ավարտին չհասավ»,- ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին։
Հարկ է նշել, որ կորոնավիրուսի պատճառով 2020 թվականին փակած ցամաքային սահմանը Ադրբեջանը հարևաններից ոչ մեկի հետ դեռ չի բացել:
Ի դեպ, 2019 թվականին Ադրբեջանը Վրաստան այցելողների թվով առաջատարն էր և առաջ էր Ռուսաստանից, Թուրքիայից ու Հայաստանից, իսկ 2023 թվականին հինգերորդ տեղում էր։ Վրաստանի զբոսաշրջության մեջ ավանդաբար ամենամեծ բաժինն ունեն հարևան երկրները։
Մինչ համավարակը 2019 թվականին Ադրբեջանից Վրաստան էր այցելել 1,5 միլիոն մարդ, և նրանք Վրաստանում ծախսել են 237 միլիոն դոլար։ 2023 թվականին այցելուների թիվը նվազել է 87 տոկոսով, իսկ Վրաստանում նրանց ծախսած գումարը նվազել է գրեթե 40 տոկոսով։
Այցելուների թվի և ծախսած գումարների անկման տարբերությունը կապված է նաև գնաճի հետ, այսինքն՝ Վրաստան ժամանած զբոսաշրջիկները, հավանաբար, ավելի շատ են ծախսել, քան մինչ այդ ծախսում էին։