Բաքվում միջոցառումների շարք է կազմակերպվել Վրաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում անցկացված հոբելյանական միջոցառման շրջանակներում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ։ Կողմերը քննարկել են ժամանակակից դարաշրջանում երկու բարեկամ և ռազմավարական գործընկեր պետությունների համագործակցության պատմությունը։
Նրանք նաև ընդգծել են բոլոր ոլորտներում երկրների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Հոբելյանական միջոցառմանը նշվել է, որ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը դարավոր պատմության ընդամենը մի կարճ դրվագ է, որի ընթացքում վրաց և ադրբեջանցի ժողովուրդների միջև ձևավորվել են բարիդրացիություն, բարեկամություն և փոխադարձ հարգանք։
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է լուսանկարչական ցուցահանդես, որն արտացոլում է Վրաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը։
Դեսպան Զուրաբ Պատարաձեն Վրաստանի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը ներկաներին է դիմել` ուշադրություն հրավիրելով Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության, ձեռք բերված հաջողությունների և առաջադրված նպատակների վրա, նաև ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս Վրաստան կատարած այցի կարևորությունը և նշել, որ այդ այցը դրական ազդակ է երկկողմ հարաբերությունների զարգացմանը քաղաքական և առևտրատնտեսական առումներով։ Պատարաձեն խոսել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի «հարևանական խաղաղ նախաձեռնության» մասին։
Կարդացեք նաև՝
Ղարիբաշվիլին շնորհավորել է Ալիևին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ