Վրաստանում միջքաղաքային երթևեկության տոմսերը հասանելի կլինեն մեկ առցանց հարթակում: Business Insider Georgia լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտարարել է Ցամաքային տրանսպորտի գործակալության տնօրեն Լևան Գամկղրելիձեն:
Ըստ նրա՝ սա իրականացվում է ավտոկայանների և փոխադրողների հավաստագրումից հետո միջքաղաքային ուղևորափոխադրումների բարեփոխման ծրագրի շրջանակում:
«Այս փուլում առավելագույն շեշտը դրվում է անվտանգության և հարմարավետության վրա, իսկ էլեկտրոնային տոմսերը կավելացվեն ավելի ուշ։ Մենք ակտիվորեն աշխատում ենք էլեկտրոնային հարթակի վրա։ Ավտոկայանների համար կներդրվեն էլեկտրոնային տոմսեր, և մարդիկ կկարողանան էլեկտրոնային տոմսեր գնել իրենց պլանշետի կամ հեռախոսի միջոցով», — նշել է Գամկղրելիձեն։
Նա նաև նշել է, որ էլեկտրոնային տոմսը հարմար կլինի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար, քանի որ նրանք կկարողանան նախօրոք պլանավորել իրենց ուղևորությունը:
«Շրջաններ մեկնող M3 կարգի ավտոբուսների էլեկտրոնային տոմսերը հասանելի կլինեն էլեկտրոնային հարթակներում՝ թույլ տալով նրանց անվտանգ երթևեկել։ Շատ կարևոր է, որ դա կբերի մրցակցության։ Այսօր մրցակցություն չկա: Փոխադրողների միջև մրցակցությունն ինքնին կբարելավի գործընթացը», — հավելել է Գամկղրելիձեն։
Նշենք, որ այժմ միջքաղաքային տրանսպորտը սպասարկում է կանխիկ վճարմամբ: