Միջազգային լրատվական կազմակերպությունները կալանավորված «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի խնդրի շուրջ միասնական հայտարարութուն են տարածել։ Մամուլի ազատության, լրագրողների և մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին։
Նրանք պահանջում են նաև մանրակրկիտ հետաքննություն Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ։
«Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին և վերջ տալ լրատվամիջոցների նկատմամբ այս աննախադեպ հալածանքին։ Մենք նաև պահանջում ենք մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտարարությունը ստորագրել է ավելի քան 10 կազմակերպությւոն, այդ թվում` Մամուլի միջազգային ինստիտուտը, (IPI) Մամուլի և ԶԼՄ-ների ազատության եվրոպական կենտրոնը (ECPMF), Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) և այլն։
Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ լրագրողը ձերբակալությունից հետո հացադուլ է անում։