
Միջազգային կազմակերպություններին կարգելվի վրաստանյան քաղաքական կուսակցությունների համար կազմակերպել դասախոսություններ, սեմինարներ կամ նմանատիպ այլ հանրային միջոցառումներ։ Այս կարգն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ն արագացված կարգով հաստատի նոր օրենսդրական նախաձեռնությունը։
Ոչ միայն միջազգային, այլև տեղական կազմակերպություններն ու օտարերկրյա քաղաքացիները չեն կարող կազմակերպել միջոցառումներ կուսակցությունների և ընտրական նպատակ ունեցող անձանց համար։
Նոր օրինագծով փոփոխությունը ներառված է Վրաստանի «Քաղաքացիների քաղաքական միության մասին» օրենքում, իսկ նվիրատվություններ ստանալու իրավունքի մասին փոփոխությունը կձևակերպվի հետևյալ կերպ.
«Քաղաքական կուսակցությունը և հայտարարված ընտրական նպատակ ունեցող անձը այլևս չեն կարողանա նվիրատվություն ստանալ Վրաստանում կամ Վրաստանից դուրս գրանցված իրավաբանական անձից և (կամ) այլ տիպի անձանց միավորումից՝ դասախոսության, սեմինարի կամ այլ նմանատիպ հրապարակային միջոցառման կազմակերպման համար։
Ինչպիսին է նվիրատվությունների ընդունման ներկայիս կարգը
Վրաստանի «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքի համաձայն, կուսակցությունները և ընտրական հայտարարված նպատակներ ունեցող անձինք չեն կարող նվիրատվություններ ստանալ, եթե դոնորը.
- այլ հանրային հաստատություն է,
- այլ պետության կառավարման համակարգի բաղկացուցիչ է,
- անանուն է,
- Վրաստանի քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձ է,
- իրավաբանական անձ է և/կամ Վրաստանում կամ Վրաստանից դուրս գրանցված անձանց միավորում։
Գործող կանոնի համաձայն, արգելքի այս կարգը չի կիրառվում, եթե Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձը և Վրաստանում կամ Վրաստանից դուրս գրանցված իրավաբանական անձը և/կամ որևէ այլ տեսակի անձանց միավորումն անվճար կազմակերպում են դասախոսություն, սեմինար կամ այլ նմանատիպ հանրային միջոցառում։
Օրենսդրական փոփոխության նախաձեռնողը «Վրացական երազանք»-ն է, իսկ ներկայացնողը՝ Իրակլի Կիրցխալիան։ Հեղինակները պահանջում են օրենքի նախագծի արագացված քննարկում։
Միջազգային և տեղական կազմակերպությունները քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ «Վրացական երազանք»-ի հետ համագործակցության պատմություն ունեն ընտրական, ժողովրդավարական և կուսակցական հարցերի շուրջ։ Այդ կազմակերպությունների թվում են NDI, IRI, IFES: Նրանք հաճախ անցկացնում էին դասընթացներ կամ վերապատրաստում կուսակցությունների ներքին ժողովրդավարական ամրապնդման և ինստիտուցիոնալ զարգացման համար, վարձում էին փորձագետների, որոնք դրամաշնորհի կամ ծառայության շրջանակներում տարբեր միջոցառումներ էին անցկացնում այս կամ այն քաղաքական կուսակցության համար։