Միջազգային գործընկերների հայտարարությունները կարևոր նախազգուշացումներ են. Զուրաբիշվիլի

«Երեկվա իրադարձությունը հզոր հարված էր ռեժիմին»,- այսպես է արձագանքել Վրաստանի հինգերորդ նախագահը ԵՄ-ի արձագանքներին ու նախազգուշացումներին, որոնք ուղղված են «Վրացական երազանք»-ի կառավարությանը։

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ միջազգային գործընկերների հայտարարությունները ևս մեկ քայլ են դեպի հաղթանակ։

«Գործընկերների կոշտ և լուրջ արձագանքներն արդեն մեկ քայլ են դեպի հաղթանակ, այսպես մենք գնում ենք դեպի նոր ընտրություններ»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։

Վրաստանի հինգերորդ նախագահը նաև աջակցություն և համերաշխություն է հայտնել բանտարկյալների ընտանիքների անդամների ստեղծած նոր դիմադրության շարժմանը։

Հիշեցնենք. երեկ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը թարմացրել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը: Ցուցակում ավելացվել է 13 գրառում: Սա ներառում է այդ անհատների և նրանց կողմից վերահսկվող ակտիվների արգելանքը: Արգելանքը կտարածվի նրանց հաշիվների, այլ ակտիվների և տնտեսական ռեսուրսների վրա:

Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն Միացյալ Թագավորության պատժամիջոցների տակ է հայտնվել, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ նա ներգրավված է եղել կոռուպցիոն գործարքների մեջ։

Մեծ Բրիտանիայի ֆինանսական պատժամիջոցները տարածվել են նաև Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Լևան Մուրուսիձեի վրա: Պատժամիջոցների կիրառման հիմքում նշված է, որ հիմնավոր հիմքեր կան կասկածելու, որ Մուրուսիձեն ևս ներգրավված է եղել կոռուպցիոն գործարքների մեջ։